Մխիթար Պապոյանը չի բացառում, որ կառաջադրվի ԲԴԽ անդամի թեկնածու
«Այդ հարցի հետ կապված ես որևէ պատասխան չունեմ, խնդրելու եմ այդ հարցը չպնդեք»,- Դատավորների ընդհանուր ժողովի մեկնարկին լրագրողների հետ զրույցում ասաց Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Մխիթար Պապոյանը՝ պատասխանելով հարցին, որ դատական համակարգի նկատմամբ անթաքույց ճնշումներն ակնհայտ են դարձել, մեկ ամսում 4 դատավորի լիազորություն է դադարեցվում, իր վրա երբևէ ճնշում զգացե՞լ է։
Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում դատական համակարգում իրավիճակը, երբ դատավորները հերթով հրաժարական են տալիս ու հեռանում են, նա պատասխանեց. «Ցանկացած ողջամիտ անձ, ցանկացած ողջամիտ մտածող անձ, ցանկացած դատավոր ողջամիտ դատողությամբ... այդ նույն տրամաբանությամբ էլ ես եմ մտածում»։
Լրագրողները խնդրեցին ավելի պարզ ներկայացնել, դատավորն ասաց. «Եթե ձեզ համար իմ պատասխանը բավարար չէր, ավելին չեմ կարող ասել»։
Հարցին՝ քանի որ ԲԴԽ անդամի հերթը վերաքննիչ դատարանի դատավորինն է, հնարավո՞ր է հավակնի դառնալ ԲԴԽ անդամ, նա պատասխանե. «Չի բացառվում»։
Հիշեցնենք, որ մի քանի օրերի ընթացքում ազատման դիմում է գրել 4 դատավոր՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Մարդանյանը, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Սերգեյ Մարաբյանը, Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը եւ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը։
Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ 4 տարի առաջ դատավորները ընդհանուր «չաթ» են ունեցել, քննարկել տարբեր թեմաներ, այդ թվում՝ քաղաքական հարցեր, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Նիկոլ Փաշինյանի և նրա մտերիմների հասցեին դատավորները հնչեցրել են հայհոյանքներ։
Հարակից հրապարակումներ`
- Կարծում եմ՝ բոլոր տեղերում էլ կլինեն. դատավոր Չիչոյանը դատական համակարգում «գործ տվողների» մասին
- Եթե նույն իրավիճակում հայտնվեմ, նույն կերպ կվարվեմ. դատավոր Բորիս Բախշիյան
- Մատահոգված եմ, որ 4 դատավորները դիմում գրեցին գնացին.Արման Թովմասյան
- Դատավորի վրա ճնշում լինելու դեպքում նա պետք է համապատասխան ընթացակարգով դիմի համապատասխան մարմիններին. Դատավոր Արթուր Ստեփանյան
- Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
- Ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները
- Դադարել են դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները