Ադրբեջանում պահվում է 23 անձ, ումի՞ց և ինչի՞ համար է վրեժխնդիր լինում Բաքուն
«Այս պահի դրությամբ Ադրբեջանը Հայաստանին վերադարձրել է 210 գերեվարվածների կամ այլ կարգավիճակ ունեցող հայերի։ Պաշտոնական տվյալներով, 23 անձ գտնվում է Ադրբեջանում»,-այսօր նման թվեր է հրապարակել փաստաբան Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով, այս դեպքերը չունեն որևէ վիճելիություն, 2020-ից մենք ունենք հինգ գերեվարվածներ, որից երկուսը ռազմագերիներ են՝ Լյուդվիգը և Ալյոշան։
«Ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ նրանք տարեցներ են։ Նրանք գերեվարվել են մարտական գործողությունների արդյունքում։ Նրանց մեղադրել են ղարաբաղյան առաջին և երկրորդ պատերազմներին մասնակցելու համար, հատկապես ծանր են տանում առաջին պատերազմին մասնակցելը, հաղթանակի ոգին կրող անձանց։ Նրանց առանձնակի դաժան են վերաբերվել, վրեժխնդրության նկատառումներից ելնելով՝ նրանց մինչ այսօր ազատ չեն արձակում։ Ընդ որում, դրա մասին շատ բաց են արտահայտվում»,-ասաց նա։
Բաքվում պահվում են քաղաքացիական երեք անձին՝ լիբանանահայ Վիգեն
Էուլջեքյանը, որի դեպքն օգտագործվեց վարձկանության հայելային պատկեր ստանալու նպատակով։
Մյուս երկու քաղաքացիները զբաղված են եղել բարեգործությամբ, նրանցից մեկը ակտիվ լինելով սոցմեդիայում երբեմն քամահրական, վիրավորական արտահայտություններ է արել Ալիևի տիկնոջ հասցեին, և այս հանգամանքը անհետևանք չի մնացել ու չի մնում։
«Մնացած դեպքերը կապված են 2023 թվականի հետ։ Վագիֆ Խաչատրյանի գործը բոլորիս քաջ ծանոթ է, այն առանձնահատուկ է նաև նրանով, որ Կարմիր Խաչի ներկայությամբ ու ուղեկցությամբ առողջական խնդիրներով Հայաստան տեղափոխվող տարեց անձը կանգնեցվել է և անմիջապես առևանգվել է։ Նրան ներկայացվել է շատ լուրջ մեղադրանքներ»,-ասաց Սահակյանը։
Նա նշեց, ևս մեկ տարեց անձ, որ մոլորվել է տեղանքում, նույնպես պահվում է Բաքվում, չնայած Հայաստանը վերադարձնում է ադրբեջանցի մոլորված զինծառայողներին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան