Գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ. Արմեն Բեգոյան
Երևանում քաղաքապետարանը լայն թափով փողոցների ողջ երկայնքով իրականացնում է ծառերի փոխարինման ծրագիրը։ Բնապահպաններն ահազանգում են, որ փոշու բարձր պարունակություն ունեցող մայրաքաղաքում անթուլատրելի է միանգամից նման մեծ սաղարթ ունեցող ծառերի հատումը, այն պետք է արվի աստիճանաբար։ Մասնագետները նաև հայտարարում են, որ նոր տնկվող ծառատեսակները հարմար չեն Երևանի բնակլիմայական պայմանների համար և այն չափով չեն կատարում օդի մաքրության պահպանման իրենց գործառույթը, ինչպես այն արել են փոխարինվող ծառերը։ Մտահոգություն է հայտնվում նաև տնկիների ձեռքբերման բարձր արժեքների վերաբերյալ։ Panorama.am-ն այդ և ևս մի շարք խնդրահարույց հարցերի շուրջ զրուցեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ։
Panorama.am-Երևանի քաղաքապետարանը ո՞ր կազմակերպություններից է գնել տնկինրը, ո՞ր տեսակներն են և ի՞նչ գնով։
Արմեն Բեգոյան-Տարբեր կազմակերպություններից ենք գնել, տարբեր գներով, պայմանագրերը և գնումները հրապարակված են Gnumner.am կայքում։ Գնումներն իրականացվել են աշնանը։ Ծառերի փոխարինման ծրագրի գնումներն իրականացրել է Երևանի քաղաքապետարանը։ Ձեռք են բերվել թխկիներ, հուդայածառեր, գնդաձև կատալպաներ, սաֆորաներ, սոսիներ, կաղնիներ, ալբիցիա, օճառաճառ... Մեծամասնությունն հաստատ ասացի։
Panorama.am-Կարո՞ղ եք հիշել օրինակ հուդայածառի գինը։
Ա. Բեգոյան-Մոտավորապես 70-80 հազար դրամով։
Panorama.am-Քանի՞ տարեկան են տնկիները։
Ա. Բեգոյան-Տնկիները տարեկանով չեն գնահատվում, այլ տրամագծով, բայց մոտ 10 տարեկան կլինեն։
Panorama.am-Սոսիները ի՞նչ գնի են եղել։
Ա. Բեգոյան-Որպեսզի չսխալվեմ, ասեմ, որ գնումները կատարել է Երևանի քաղաքապետարանը։ Մենք տվել ենք մեզ անհրաժեշտ ծառերի ցանկը, քաղաքապետարանը գնել այդ ծառերը տվել է մեզ և դրանից հետո նոր մենք համաձայնագրերը կնքել ենք։ Բուն գնումների գործընթացն իրականացվել է էլեկտրոնային եղանակով՝ քաղաքապետարանի գնումների վարչության կողմից։ Գնումների 90 %-ը կատարվել է այդ ընթացակարգով և մոտ 10%-ի դեպքում ընթացիկ մանր-մունր գնումներ է պետք եղել և գնել է մեր ՀՈԱԿ-ը։
Panorama.am-Օրինակ կբերեք, թե Ձեր ղեկավարած ՀՈԱԿ-ը ինչ ծառատեսակներ էր գնել։
Ա. Բեգոյան-Ծիրանենիներն էինք գնել և, կարծեմ՝ սաֆորան։ Ծիրանենիների մեկ տնկին 19 հազար դրամ էր։ Իսկ սաֆորաները ստույգ չեմ կարող ասել, բայց երևի մոտ 70 հազար դրամի շրջանակներում էին։
Panorama.am-Ծառերի հատումներն ու փոխարինումները Ձեր ղեկավարած ՀՈԱԿ-ն է իրականացրել։
Ա. Բեգոյան-Կոնկրետ այդ փողոցներում՝ այո։
Panorama.am-Բնապահպանները, մասնագետները և նաև Երևանի ավագանու անդամները փաստում են, որ չէր կարելի միանգամից մեծ ծավալով ծառերի փոխարինում կատարել, որ երկար ժամանակ է պետք, որպեսզի տնկիները բավական սաղարթ ձևավորեն, այն դեպքում երբ Երևանում առկա է կանաչ տարածքների էական սակավություն։
Ա. Բեգոյան-Այդ ծառերի համար, որ տնկվել էին այն ժամանակ, այդ 10 տարին պետք չի՞ եղել։ Ավելի շատ տարի է պետք եղել։ Մենք 10 տարեկան ծառեր ենք տնկում, 10 տարեկան ծառեր ենք տնկում, կոպիտ ասած՝ 10 տարի առաջ ենք ընկած, շիվեր չենք տնկում, որ 10 տարի հետո գա հասնի սրանց չափին, հետո մի 5 տարի էլ անցնի, որ սաղարթն ավելի մեծ լինի։ Ինչ վերաբերում է նրան, որ Երևանում սաղարթախիտ ծառեր են պետք, ապա մենք բոլորս գիտենք, որ ինչքան սաղարթ՝ այնքան տերև, ինչքան տերև՝ այնքան շատ ֆոտոսինթեզ է կատարվում և թթվածին արտանետվում։ Ինչ վերաբերում է հուդայածառին, ապա նրանք ձևավորում են բավականին մեծ սաղաթ, բարձրանում են 8-12 մետր և բավականին լավ սաղարթ են ձևավորում։
Panorama.am-Մասնագետների հակափաստարկենրից մեկն այն էր, որ չէր կարելի միանգամից իրականացնել ծառերի փոխարինում, այլ պետք է աստիճանաբար արվեր։
Ա. Բեգոյան-Համատարած չի արվում։ Երևան քաղաքում թեղիները հաշվարկվում են մոտ 100 հազար, այժմ առավելագույնը կարող է փոխարինվի ընդամենը 800-ը, որը կազմում է 0.08 %, դրա համատարածն ո՞րն է։
Panorama.am-Բայց ծառերի գույքագրումն ամբողջութմաբ արե՞լ եք։ Տեղեկություն կա, որ Երևանում ծառերի գույքագրումն ամբողջությամբ արված չէ։
Ա. Բեգոյան-Այո, գույքարումն ավարտված չէ, մենք թեղիների մոտավոր ծավալը գիտենք, կարող է կազմել մոտ 100 հազար։ Գույքագրումն, որ ավարտված չէ՝ հետո ի՞նչ, դրանից ինչ որ բա՞ն է փոխվում։
Panorama.am-Դուք թվեր եք հրապարակում, առանց գույքագրման ամբողջական տվյալների տիրապետման։
Ա. Բեգոյան-Դրա համար ասացի, որ մոտավոր տվյալներ ունենք, որ քանակը կարող է հասնել մինչև 100 հազար։ Վերցրեք թեկուզ 50 հազար, ասենքն ի՞նչ՝ եթե մեկ տոկոսը փոխարինվում է՝ այն կոչվում է մասսայակա՞ն։ Անհեթեթ բաներ են ասում, այսպես ասեմ։ Կարևող եմ ասել, որ կանաչապատման աշխատանքները թող թողեն կանաչապատման մասնագետներին, բժիշկները թող զբաղվեն իրենց գործով, իրավաբաններն իրենց գործով, պատմաբանները՝ իրենց։ Պետք չէ ամենագետ ձևանալ և ամեն ինչի համար ինչ-որ բան ասել։ Մեծ գիտական խումբ է աշխատում, գոնե կա գիտատեխնիկական խորհուրդ, որը երբեք չի եղել։ Այդ խորհրդով էլ են անցնում կարևորագույն ծրագրերը։ Ոլորտի ամենատիտղոսավոր գիտնականներն այդ խորհրդում են, որոնք քննարկում և որոշում են, թե որտեղ ինչ ծառ է հարմար և այսպես շարունակ։
Այնպես որ՝ մինչ դիլետանտները և ոչ մասնագետները ինչ-որ կարծիքներ են հայտնում, պետք է հաշվի առնեն, որ այդտեղ աշխատում են գիտնականներ և պետք է մինիմալ կրթական մակարդակ ունենալ, որ գիտնականին, ակադեմիկին պրոֆեսորին, դոկտոր-պրոֆեսորին չսովորեցնեն իրենց մասնագիտությունը, ինչ որ բաներ։ Դա էլ այն դեպքում, երբ դու դրա մասնագետը չես համարվում։
Երևան քաղաքի կանաչ ֆոնդի մի զգալի մասը 45-50 %-ը տասնամյակների չկատարած աշխատանքների մասով անպայման պետք է թարմացվեր, և դենտրոպատոլոգիական աշխատանքներ կատարվեր։ 40 %-ը կորցնում է իր կենսունակությունը, գտնվում է ավարտին և հրատապ միջոցներ են պետք ձեռք առնել, որպեսզի քաղաքը չանապատանա։ Բնության մեջ ոչինչ հավեր չէ, այդ թվում մարդիկ, կենդանիներն ունեն իրենց կյանքի տևողությունը։ Թեղիների կյանքի տևողությունը քաղաքային պայմաններում 40-50 տարի է։ Այս թեղիները Երևանում տնկվել են անցած դարի 40-50-ական թվականներին այսինքը, նրանք մոտավորխես 75-80 տարեկան են։
Panorama.am-Կա՞ տվյալ, թե քանի տոկոսն է հուդայածառ տնկվելու։
Ա. Բեգոյան-Ոչ, կա 7 փողոց, որոնցից միայն մեկում է նախատեսված հուդայածառը։ Այդ փողոցները հիշում եմ, կարող եմ անգիր ասել ձեզ։ Բագրատունյաց փողոցում ծառերն արդեն փոխվել են տնկվել են սաֆորա ճապոնական ծառատեսակը, Թումանյան փողոցում տնկվել է հուդայածառ։ Ալեք Մանուկյան փողոցում երկշերտ է, մի շերտը ալբիցիա է, մյուսը օճառածառ։ Մելիք Ադամյանի վրա տնկվելու է գնդաձև կատալպա, Սայաթ-Նովայի վերջնամասում տնկվելու է գնդաձև սոսիներ։ Ուլնեցու մի մասը տնկվել է դիակասկ, այդ աշխատանքներն շարունակվելու են և փողոցն ավարտվելու է նույն դիակասկով։ Խանջյան փողոցը՝ կարծեմ դիակասկ։
Panorama.am-Ահազանգ կա, որ դիակասկը հյուսիսային լայնության ցուրտ տարածքների ծատառեսակ են և Երևանի կիսաանապատային կլիմայի պայմաններում կենսունակ չեն։
Ա. Բեգոյան-Դիակասկերը վաղուց աճում են Երևան քաղաքում, բազմթիվ են «Օղակաձև» զբոսայգում։ Մենք նախորդ տարի գարնանն այդ ծառատեսակից դրել ենք Ուլնեցի փողոցի մի մասում։ Այդ կարծիքը չեմ կիսում և նորից կրկնում եմ, որ ընտրությունը կատարել են գիտնականները, ես չէ որ կատարել եմ այդ ընտրությունը։ Ինչ վերաբերում է նրան, որ այդ ծառատեսակի տերևներն օգոստոսին, ամռան պիկին, խեղճանում են և իրենց վրա ունենում են այրավծքներ, ապա պետք է հաստատեմ, որ այո լինում է նման բան, բայց դրա հետ մեկտեղ պետք է հավելեմ, որ սոսիների մոտ ոչ թե խեղճանում են և ուննեում են այրվածքներ, այլ նրանց մոտ օգոստոսին համատարած դիտարկվում է վաղ տերևաթափ, այրվում են այն աստիճան, որ տեղի է ունենում տերևաթափ։ Եթե նկատել եք օգոստոսին ամբողջ քաղաքում նկատվում է տերևաթափ, հետո սեպտեմբերին վերականգնվում են։ Եթե դրան ուշադրություն դարձնենք, ապա պետք է սոսիներն էլ վերացնենք երևան քաղաքից, այս գլոբալ տաքացման ֆոնին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ կից ձայնագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- Դուք ո՞վ դարձաք, որ մեկ միլիոնանոց քաղաքի բնակչությանը տարիների աղետի դատապարտեք. Քրիստինա Վարդանյան
- Երևանում վերջին 15 տարվա մեջ 60 %-ով չարորակ նորագոյացությունների աճ ունենք. Քրիստինա Վարդանյան
- Ինչո՞ւ ցանկալի չէ ասֆալտապատել Ծիծեռնակաբերդի ճեմուղին․ Քրիստինա Վարդանյանի դիտարկումները
- Ծիծեռնակաբերդի բարձունքում այս տարի էլ են ծառատունկ նախատեսում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան