Կխնդրեի լսումներին ներառել հակադիր կարծիք ունեցողներին, այլապես կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել. Արսեն Թորոսյան
«ԱԺ-ն որպես քաղաքական մարմին, ի դեմս Եվրաինտեգրման մշտական հանձնաժողովի, հնարավորություն է տալիս մասնագետներին, շահառու ուժերին հետաքրքրված անձանց մասնակցել խորհրդարնական հարթակում նախատեսվող քննարկմանը»,- Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը։
Նա զեկուցեց որոշման նախագիծն, ըստ որի «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ 2024 թվականի ապրիլի 4-ին ժամը 11։00-ին ԱԺ նիստերի դահլիճում կազմակերպվելու է «Հայաստանի եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները» թեմայով խորհրդարանական լսումներ:
Մերի Գալստյանը հայտնեց, որ Հայաստանի և ԵՄ-ի միջեև կարևոր քննարկումներ են տեղի ունենում մի քանի ուղղություններով՝ վիզայի ազատականացման երկխոսության, որի մեկնարկը կտրվի, խաղաղության գործիքակազմի շուրջ, տնտեսական համագրոծակցության ոլորտում արտահանման խթանման գործընթացների վերաբերյալ։
«Սույն թվականի մարտի 13-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունվեց ԵՄ-ի և Հայաստանի միջև ավելի սերտ կապերի, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մասին բանաձև, որում ի թիվ այլ հարցերի արձանագրվել էր, որ եթե Հայաստանը որոշի ԵՄ անդամության հայտ ներկայացնել, ապա ԵՄ ինստիտուտները պետք է աջակցեն»,-ասաց Գալստյանը և հիշեցրեց, որ այդ բանաձևին միացել էր 504 պատգամավոր։
«Եթե լինի հրավիրյալների ցանկ, ապա այդ ցանկում կխնդրեի ներառել հակադիր կարծիք ունեցող ուժերի ներկայացուցիչների, կարևոր է լսել թե՛ կողմ, թե դեմ տեսակետները, այլապես ժողովրդական լեզվով ասած՝ մենք կարող ենք իրար ջան ասել՝ ջան լսել, բայց ռիսկերը չնկատել»,- իր հարթին հավելեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
Հանձնաժողովը հաստատեց լսումներ անցկացնելու նախագիծը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա