Վարոսյանը՝ Ռշտունու որոշման մասին. Իշխանությունները ո՞նց լուծեցին այդ հարցը, ժամանակը ցույց կտա
Վերջին մեկ ամսվա ընթացքում դադարեցվեցին չորս դատավորների լիազորություններ, երեկ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին էլ հայտարարեց՝ որոշակի իրադարձություններով պայմանավորված դժվարին որոշում է կայացրել այս պահին չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին։
Ի՞նչ է կատարվում դատական համակարգում, ինչո՞վ են պայմանավորված նման որոշումները։ Այս ու այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցել է փաստաբան Երվանդ Վարոսյանի հետ։
Panorama.am-Պարոն Վարոսյան, Ձեր կարծիքով ի՞նչ է կատարվում դատական համակարում։
Երվանդ Վարոսյան-Ըստ ինձ, դատական համակարգում ոչինչ չի կատարվում։ Չի կարող կատարվել որևէ բան մի համակարգում, որը գոյություն չունի։ Դատական համակարգը դադարել է գոյություն ունենալ։ Կան շենքեր, դատական կարգադրիչներ, պատմուճաններով դատավորներ, որոնք երբեմն օրինական որոշումներ են կայացնում, երբեմն՝ ապօրինի որոշումներ, մշտապես կատարում են իշխանությունների կամքը։ Այս ամենը դատական համակարգ չէ, այն ենթադրում է շատ ավելի լուրջ երևույթ, քան այն, ինչի հետ մենք գործ ունենք։
Panorama.am--Մեկ ամսում չորս դատավորի լիազորությունների դադարեցման մասին որոշումներն ինչի՞ մասին են վկայում։
Երվանդ Վարոսյան-Դա իմ ասածի ապացույցն է։ Հենց դա է վերջին ապացույցը, որ դատական համակարգ գոյություն չունի։ Դա նշանակում է՝ որևէ կամքով կարող են չորս դատավորներ հեռանալ համակարգից։ Վաղը պետք լինի՝ 44-ը կհեռանան. Բոլորը կհեռացվեն մեկ օրում, ու մենք էլի կսկսենք քննարկել, թե էս ի՞նչ եղավ։ Սա է խնդիրը, իշխանության անկախ ճյուղը գոյություն չունի։
Panorama.am--Փաստաբաններից մեկն ափսոսանք, ցավ էր հայտնել, որ դատավորները որոշել են չպայքարել լիազորությունների դադարեցման որոշումների դեմ։ Դուք ինչպե՞ք կմեկնաբանեք։
Երվանդ Վարոսյան-Գիտե՞ք, ես չեմ ուզում ուրիշների փոխարեն պատասխանտվություն վերցնել ինձ վրա, ասել՝ ինչը ճիշտ կլիներ։ Գուցե իրենք գիտեն իշխանության ավելի շատ հնարավորությունների մասին, ավելի շատ արգելակների բացակայության մասին, քան մենք, ու կայացրել են այդ որոշումը։
Panorama.am--Կապված Վազգեն Ռշունի հայտարարության հետ, Դուք...
Երվանդ Վարոսյան-Նույնպես... Կարծում եմ՝ այս ամեն ինչը տեղավորվում է նույն շղթայի մեջ։ Ակնհայտ էր, որ Վազգեն Ռշտունին միանշանակ կընտրվի Բարձրագույն դատական խորհրդի կազմում։ Ակնհայտ էր, որ իշխանություններին դա հաճելի չէր։ Իրենք այդ հարցը լուծեցին։ Ո՞նց լուծեցին, ժամանակը ցույց կտա, ապագան։
Հարակից հրապարակումներ`
- Ինչո՞ւ են հրաժարական տվել 4 դատավորները
- Աթանեսյան. Այդ դատավորները որոշել են չպայքարել իրենց պաշտոնների համար
- Դադարել են դատավոր Անդրանիկ Մնացականյանի լիազորությունները
- Դադարել են դատավորներ Կարեն Մարդանյանի և Սերգեյ Մարաբյանի լիազորությունները
- ԲԴԽ որոշմամբ, դադարել են դատավոր Արշակ Վարդանյանի լիազորությունները