Ավագ ուրբաթ
Փետրվարի 12-ից մեկնարկել է Մեծ Պահքը։ Մեծ Պահքի շրջանը տևում է 48 օր` Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության (Զատկի) տոնի նախօրեն:
Մեծ Պահքին անմիջապես հաջորդող շաբաթը կոչվում է Ավագ Շաբաթ և ընդգրկում է Փրկչի երկրային կյանքի վերջին կարևորագույն իրողությունները` հաղթական մուտքը Երուսաղեմ (Ծաղկազարդ), Վերջին Ընթրիքը, Մատնությունը, Չարչարանքները, Խաչելությունը, Մահը, Թաղումը և ի վերջո հրաշափառ Հարությունը` Ս. Զատիկը, որն այս տարի նշվելու է մարտի 31-ին։
Ավագ Ուրբաթը խորհրդանշում է արարչության վեցերորդ օրը, երբ Աստված հողից արարեց Ադամին Իր պատկերով ու նմանությամբ, իսկ հետո նրա կողից ստեղծեց Եվային և նրանց դրեց դրախտում: Ուրբաթ օրը Ադամն ու Եվան կերան արգելված պտուղը, մերկացան փառքից, և Տերն անեծքով պատժելով մարդուն՝ արտաքսեց դրախտից: Վեցերորդ ժամանակաշրջանում Աստված Ս. Կույսի անարատ արգանդում դարձավ կատարյալ Մարդ՝ հոգով, մտքով ու մարմնով, որպեսզի կատարի տնօրինական գործերը:
Ավագ ուրբաթ օրը Տերը Հուդայի մատնությամբ ձերբակալվեց, ծեծի ու ծաղրի ենթարկվեց և ապա, Իր վրա վերցնելով Ադամի անեծքն ու դատապարտությունը, խաչի վրա մեռնելով, բացեց Իր կողը, և կողից բխած ջրով լվաց մարդու մեղքերը, իսկ բխած արյամբ մեզ գնեց չարի ծառայությունից (Մատթ. 26:47-27:56): Եվ ինչպես Ադամի կողից ստեղծվեց նրա կինը՝ Եվան, այդպես էլ Տիրոջ կողից եղավ Նրա հարսը՝ Եկեղեցին: Այսօր թեպետ ուրախություն է հոգիների համար, քանի որ Քրիստոսի չարչարանքներով մեր հոգիներն ազատվեցին դժոխքից, սակայն մարմնապես սուգ է ու տրտմություն:
Qahana.am-ից տեղեկանում ենք, որ Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է: Այդ օրը տեղի է ունենում Խաչելության կարգ: Երեկոյան ժամերգությունից հետո նախատոնակի արարողության ընթացքում կատարվում է Թաղման կարգ, երբ Հիսուս Քրիստոսի խորհրդանշական գերեզմանը՝ պատրաստված ծաղիկներից և ծառի ճյուղերից, պտտում են եկեղեցու շուրջ՝ ի տես հավատավոր ժողովրդի:
«Նա մեր մեղքերը Իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա» (Ա Պետրոս 2:24)
Հարակից հրապարակումներ`
- Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
- Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
- Մեծ Պահք. Ավագ հինգշաբթի
- Մեծ Պահք. Ավագ չորեքշաբթի
- Մեծ Պահք. Ավագ երեքշաբթի
- Մեծ Պահք. Ավագ երկուշաբթի
- Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում Ավագ շաբաթվա արարողությունների ժամանակացույց
- Մեծ պահք. Գալստյան կիրակին՝ մարտի 17-ին
- Մեծ պահք. Դատավորի կիրակի
- Մեծ պահք. Տնտեսի կիրակի
- Պահքը ճիշտ առիթ է լռելու, կանգ առնելու, քննելու այն ավերը, որ հասցնում ենք մեր սրբազան հայրենիքին. Վահրամ ավագ քահանա Մելիքյան
- Սկսվում է Մեծ պահքը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան