Հեռո՛ւ մնալ քրիստոնեական արժեքները նսեմացնող կենսակերպից ու գործելակերպից. Արամ Առաջինի պատգամը
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը Ս. Հարության (Զատկի) տոնի առիթով պատգամ է հղել։ Արամ Առաջինը իր պատգամում մասնավորապես նշել է. «Պատգամ՝ հեռո՛ւ մնալ քրիստոնեական արժեքները նսեմացնող կենսակերպից ու գործելակերպից: Հեռո՛ւ վանել մեզ շրջապատող չարերն ու չարիքները:
Պատգամ՝ մերժել խավարը ու բացվել լույսին, մերժել վհատությունը և փարել հույսին, մերժել մահը ու կառչել կյանքին։ Արդ, սիրելի՛ հայորդիներ, միմյանց ողջունենք մեզ շրջապատող տագնապները միասնաբար հաղթահարելու հարության հավատքով։
Միմյանց ողջունենք Քրիստոսի հարության հաղթանակին մասնակից դառնալու հանձնառությամբ, ինչպես դարեր շարունակ մասնակից դարձանք Քրիստոսի խաչի ճանապարհին: Չմոռնանք երբեք, որ "Քրիստոս մեզի համար մեռաւ, որպէսզի մենք իրմով կենդանի ըլլանք" (Ա.Թս 5.10)»։
Արամ Առաջինը Սուրբ Հարության տոնի առիթով եղբայրական ջերմ սիրով ողջունել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ մաղթելով եկեղեցաշեն իրագործումներով երկար գահակալություն։ Ողջունել է նաև Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան Արք. Մանուկյանին և Թուրքիայի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ Արք. Մաշալյանին՝ մաղթելով բեղմնավոր ծառայություն հայ եկեղեցու անդաստաններում։
«Աղոթում ենք Աստծուն՝ Իր երկնային հովանու ներքո պահի ու պահպանի Հայաստանի և Սփյուռքի մեր ազգին զավակներին, որպեզի կարողանանք վերանորոգել մեր կյանքը և դիմագրավել ներկա ժամանակների բազմազան մարտահրավերները»,- պատգամում նշել է Արամ Առաջինը։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա