Լիլիթ Գալստյանի ահազանգը. Հերթական ապօրինի ու զոռբա գործընթացը ԿԳՄՍ տիրույթում
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, գրող, հրապարակախոս Լիլիթ Գալստյանն ահազանգում է.
«Օրերս երկու ուշագրավ դատական վճիռներ հրապարակվեցին։
Դրանցից մեկով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն անվավեր ճանաչեց Բրյուսովի անվ․ պետական համալսարանի ժամանակավոր պաշտոնակատար Դ․ Գյուրջինյանի՝ համալսարանի պրոռեկտոր Ցոլակ Ակոպյանին աշխատանքից ազատելու հրամանը։
Մյուսով՝ Երևանի քաղաքացիական դատարանի մեկ այլ վճիռով անվավեր ճանաչվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի որոշումը, որով Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանն ազատվել էր աշխատանքից։
Ըստ մոտավոր հաշվարկների հանրային միջոցներին հասցված վնասը 10մլն ՀՀ դրամի շրջանակում է։ Բայց խնդիրը կամ խնդրի հիմնական էությունը ոչ այնքան նյութականն է, որքան՝ հանրությանն ու պետության վարկանիշին հասցված բարոյական ու քաղաքական վնասը։
Ըստ էության, անդրդվելի ցինիզմով հանրային կարծիքն ու ՀՀ օրենսդրությունն արհամարհելը, ՀՀ քաղաքացու արժանապատվության ու վարկի հետ խաղալը, հանրային ու պետական շահը ոտնակոխ անելը սրանց մոտ ձեռագիր է, հիվանդագին սևեռում։
Օրերս պաշտոնական նամակով դիմել եմ ՀՀ փոխվարչապետ, Բրյուսովի անվ․ համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Խաչատրյանին՝ պարզաբանելու, թե որքանով է օրինական Բրյուսովի անվ․ պետակական համալսարանի ռեկտորի պաշտոնի համար հայտարարված բաց մրցույթը։
«Բարձրագույն և հետբուհական մասնագիական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ռեկտորի նոր ընտրություններ կարող են նշանակվել նախորդ ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դեպքում։
Մինչդեռ 2022 թ. դեկտեմբերի 9-ին կայացած ռեկտորի ընտրության արդյունքներն այս պահին վիճարկվում են դատարանում, իսկ կառավարության կողմից դրանք անվավեր ճանաչելու որոշում չի կայացվել։
Երեկ, «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի ակնհայտ խախտումով Բրյուսովի ռեկտոր է ընտրվել նախորդ ընտրություններում պարտված և, այդուհանդերձ, իշխանությունների հովանավորյալ միակ թեկնածուն։
Լրագրողի հարցին, թե արդյոք անօրինական չե՞ն ընտրությունները, երբ դատարանի որոշմամբ չեն չեղարկվել նախորդ ընտրության արդյունքները, փոխվարչապետը նախ պատասխանում է, որ այդտեղ է ոչ թե որպես փոխվարչապետ, որպես խորհրդի նախագահ: Հետո պատասխանում է, որ որ ինքն իրավասու չէ մեկնաբանել այն փաստաթղթերը, որոնք ինքը չի ստորագրել, իսկ ինչ վերաբերվում է “այս” ընտրությանը, նրա ձեւակերպմամբ, այն կայացել է օրենքի տառին համապատասխան։
Եվ․․․ իրավական այսպիսի գիտելիքներով ու համոզումներով, քաղաքական այսպիսի պատասխանատվությամբ անձը ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ է․․․
Եթե, սեպենք, թե Պրն փոխվարչապետը կրթական օրենսդրությունը չի տիրապետում կամ ժամանակ չունի տիրապետելու, բա ինչո՞ւ է ստանձնել և մատների արանքով է նայում բուհի կառավարման խորհրդի աշխատանքներին, եթե անգամ օգնականները չեն զեկուցել որ խնդիր կա․․․ չէ՞ որ նախօրեին պաշտոնական նամակով անդրադարձել եմ և բարձրացրել, որ դատական վեճի առկայության մասին ․․․
Չէ, իրականում, սա ոչ ժամանակի, ոչ իմացության, ոչ էլ շարքային ապօրինության խնդիր է, սա հստակ և անթաքույց զինիզմով՝ պետականության, պետական ինստիտուտների և օրենքի գերայության վրա թքած ունենալու, ամենաթողության և անպատժելիության վարքագիծ է։
Այս համատարած վարքագիծը մեզ համար Հարենիքի ու Պետականության կորստի գին ունի։
Եվ, այնուամնայնիվ, գալու է պատասխան տալու ժամանակը։
Հ․Գ․ Անվյալ տարի «Բրյուսով» օպերացիան ձախողելուն անմիջապես հաջորդեցին նախարար Դումանյանի և փոխվարչապետ, Բրյուսովի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մաթևոսյանի պաշտոնանկությունները։
Իսկ ՀՀ Բուհերը ո՜չ քաղաքականացված են, ոչ էլ՝ կուսակցականացված, Ո՜Չ, իհարկե՝ Ո՜Չ․․․
Քարեր նետելու և քարեր հավաքելու ժամանակը․․․անխուսափելի ժամանակը․․․»։