Սուրբ Հարության Ճրագալույցի Պատարագը՝ Սուրբ Գայանե վանքում
Մարտի 30-ին՝ Ավագ շաբաթ օրը երեկոյան, մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի առանորդությամբ Մայր Աթոռի միաբանությունը Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցել է Սուրբ Գայանե վանքում: Պատարագիչն է եղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանորեից տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը:
Մինչ Սուրբ Պատարագը կատարվել է Ճաշու երրորդ ժամերգությունը, ապա կարդացվել սուրբգրային ընթերցվածքներ, որից հետո Մայր Աթոռի չորս միաբան սարկավագներ ընթերցել են Դանիել մարգարեի թուղթը:
Արտակ Սրբազանը, իր քարոզում անդրադառնալով Հարության խորհրդին, ի մասնավորի նշել է. ««Չէ աստ, այլ յարեաւ» (Ղուկ. ԻԴ 6) խոսքերը, որոնցով Քրիստոսի գերեզման այցելած յուղաբեր կանանց դիմավորեց հրեշտակը, ամենքիս համար հնչում են որպես ավետիս: Սակայն Քրիստոսի թաղումից հետո աշակերտների՝ անորոշության մեջ դեգերող միտքն ի վիճակի չէր ընկալելու այս խոսքերում թաքնված ուրախությունը։ Անորոշության ու հուսահատության խավարը ցրելու համար, հարությունից հետո, Քրիստոս տարբեր վայրերում հայտնվում է Իր աշակերտներին և Իրեն հետևող բազմաթիվ այլ մարդկանց»:
Այնուհետև, անդրադառնալով Փրկչի հետհարության երևումներին՝ մասնավորապես Ղուկասի Ավետարանում հիշատակվող Էմմավուսի ճամփորդների դրվագին, պատարագիչ Սրբազանն ընդգծել է. «Սուրբ Հարության ճրագալույցի այս երեկոյան տեսնում ենք, որ Քրիստոսի հետ անցել ենք երկար մի ճանապարհ, ավելի երկար, քան Երուսաղեմն Էմմավուսից բաժանող տասնմեկ կիլոմետրերը։ Եկել ու հասել ենք մի հանգրվանի, որտեղ մեզանից յուրաքանչյուրը պետք է կատարի իր կյանքի կարևորագույն որոշումը՝ ընդունել Հարուցյալ Տիրոջը մեր հոգիներում ու սրտերում»:
Վերջում Արտակ Սրբազանը, հորդորել է հավատացյալ ժողովրդին Հարուցյալ Աստվածորդու ձեռքն ամուր բռնած անսայթաք քայլել դեպի հավիտենական կյանք տանող ճանապարհով, որտեղ գրկաբաց մեզ է սպասում բազմագութ և սիրող հայրը։
Հավարտ Սուրբ Պատարագի՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրացել է Սուրբ Խորան և Սուրբ Սեղանի կանթեղից վառել Տեր Հիսուս Քրիստոսին խորհրդանշող կենսատու մոմը, որը բաշխվել է հավատացյալներին:
Պատարագի սրբազան արարողությունից հետո Մայր Աթոռի միաբանությունը մեկտեղվել է Վեհարանում, ուր, նախագահությամբ Հայոց Հովվապետի, կատարվել է Սուրբ Հարության տնօրհնեք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա