Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը ներկայացրեց 20-րդ դարի, մեր ժամանակակից և երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործություններ
«Մարդու ճակատագիրը» խորագրով համերգով ամփոփվեց Հայ կոմպոզիտորական արվեստի 15-րդ փառատոնը։ Ծրագրում հնչեցին Վահագն Վարդանյանի Պրելյուդ, պասակալիա և ֆուգա սիմֆոնիկ նվագախմբի համար ստեղծագործությունը‚ Արամ Սաթյանի «Մակբեթ» սիմֆոնիկ պոեմը և
Կազմակերպիչների փոխանցմամբ, Ջոն Տեր-Թադևոսյանի Թիվ 2 սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը»՝ ըստ Միխայիլ Շոլոխովի «Մարդու ճակատագիրը» պատմվածքի։ Համերգը ղեկավարում էր դիրիժոր Ալեքսանդր Հումալան։
Վահագն Վարդանյանը Պրելյուդ, պասակալիա և ֆուգա ստեղծագործությունը ի սկզբանե գրել է երգեհոնի և սիմֆոնիկ նվագախմբի համար‚ հետագայում փոխադրել է այն նվագախմբային մեծ կազմի համար։ Ըստ հեղինակի՝ ամբողջ ստեղծագործությունը երգեհոնային յուրահատուկ տրամադրության մեջ է գրված։ Ստեղծագործությունը գրվել է 2017 թվականին‚ 2017-ից ի վեր հեղինակը բազմիցս անդրադարձել է‚ լրամշակել այն‚ և ահա Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակներում առաջին անգամ ներկայացվում է ունկնդրին։
Արամ Սաթյանը նշեց‚ որ «Մակբեթ» սիմֆոնիկ պոեմը Շեքսպիրի գործերի հիման վրա գրված իր երկրորդ ստեղծագործությունն է‚ առաջինը «Համլետն» է։ Հեղինակը նշում է‚ որ այս երկու սիմֆոնիկ պոեմները գաղափարապես տարբերվում են միմյանցից։ Ըստ նրա՝ «Մակբեթ» սիմֆոնիկ պոեմը ներկայացնում է մեր օրերը‚ հասարակությունում տիրող բարքերը‚ հարաբերությունները։ Պարոն Սաթյանը նշում է‚ որ իր ստեղծագործության հիմքում լավատեսությունն է‚ և այդ նոտայով էլ ավարտվում է սիմֆոնիկ պոեմը։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշում է‚ որ 15 տարիների ընթացքում Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի շրջանակում հայ կոմպոզիտորների 100-ից ավելի մեծակտավ ստեղծագործություններ են թվայնացվել։ Սարգիս Բալբաբյանը հույս հայտնեց‚ որ հնարավորություն կունենանք միջազգային հրատարակչություններին ներկայացնել հայ կոմպոզիտորների ստեղծագործությունները‚ որպեսզի դրանք հասանելի դառնան նաև Եվրոպայի‚ ԱՄՆ-ի նվագախմբերի համար‚ որոնք օգտվում են այդ հայտնի հրատարակչությունների հարթակներից։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կազմակերպել են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի կոմպոզիտորների միությունը։ Այն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Փառատոնին աջակցում էր Հայկական բարեգործական ընդհանուր միությունը։
Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի նպատակն է հանրահռչակել 20-րդ դարի և ժամանակակից հայ դասական երաժշտությունը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան