Վախն այնքան մեծ է, որ ՀՀ իշխանությունը ձեռնպահ կմնա իրական գործընթացից, որ Ադրբեջանի ղեկավարությունը հայտնվի ՄՔԴ առջև. Սահակյան
«Առաջնային իրավունքն անվտանգային է, որը կապված է նրանց ֆիզիկական գոյության հետ։ Ցանկացած ներխուժում այս անձանց դարձնելու է նաև ռազմական թիրախներ, և այստեղ մենք կարող ենք ունենալ էական մարդկային կորուստներ»,- ասուլիսում ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի» նախագահ Սիրանուշ Սահակյանը՝ խոսելով Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակչության իրավունքների ապահովման մարտահրավերների մասին։
Նա նշեց, որ կան նաև այլ խնդիրներ։
«Ադրբեջանական զորքերն ունենում են այնպիսի մշտապես տեղակայում, երբ վերահսկողության տակ են վերցնում կենսական նշանակություն ունեցող օբյեկտներ։ Դրանք կարող են լինել ջրամբարներ, էլեկտրակայաններ կամ բնականոն կյանքի համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ դպրոց, հիվանդանոց։ Այդ կենսական նշանակության օբեկտները թիրախավորելով՝ պարտադրում են բնակչությանը լքել իրենց բնակավայրերը։ Այստեղ գույքային իրավունքների խնդիր էլ գոյություն ունի»,- ասաց Սահակյանը։
Ինչ վերաբերում է երաշխիքներին, նա նշեց, որ այդ տարածքները գտնվում են Հայաստանի՝ միջազգայնորեն ճանչված սահմանների շրջանակում և մարդու իրավունքների խախտումները կարող են որակվել միջազգային հանցագործություններ։
«Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը հնարավորություն կտա արձագանքնել այս խախտումներին՝ խնդիրը ներկայացնելով Միջազգային քրեական դատարանի ուշադրությանը։
Իհարկե, այստեղ ունենք այլ բնույթի հարցեր, որոնք իրենց մեջ ունեն քաղաքական տարր՝ որքանով Հայաստանը ստատուտի վավերացումից զատ իրական քայլեր ձեռնարկի Միջազգային քրեական դատարանն այս տարածաշրջանում գործողության մեջ դնելու համար։
Միջազգային քրեական դատարանն ավելի կոշտ ու ներազդող մեխանիզմ է ի համեմատություն Միջազգային արդարադատության դատարանի այն առումով, որ այնտեղ քննարկվում է պետության պատասխանատվության խնդիր, իսկ Միջազգային քրեական դատարանում բարձրացվում է անհատների քրեական պատասխանատվություն, որպես կանոն այդ անհատները բարձրատիճան քաղաքական ու ռազմական ղեկավարությունն է։
Եվ եթե Հայաստանը գտվում է ճնշումների ներքո, որպեսզի հրաժարվի պետության պատասխանատվություն ենթադրող մեխանիզմներից, կարծում եմ՝ վախն այնքան մեծ է, որ Հայաստանի իշխանությունները ձեռնպահ կմնան այնպիսի իրական գործընթացներից, որոնց արդյունքում Ադրբեջանի ղեկավարը կամ նրա անմիջական ենթակայության ներքո գործող այլ կարևորագույն պաշտոնյաներ հայտնվեն Միջազգային քրեական դատարանի առջև։ Այս առումով մենք խոսում ենք տեսական երաշխիքների մասին, բայց գործնականում դրանք կյանքի կկոչվեն, թե ոչ, կապված են Հայաստանի իշխանությունների կամարտահայությունից»,- ասաց Ս. Սահակյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- Տավուշի գյուղերի հանձնումն ունի ուղղակի և անուղղակի ծանր հետևանքներ. Աբրահամյան
- Ադրբեջանը հայտարարում է, որ այդ Տավուշի գյուղերի հանձնումը ենթադրում է նաև ձերբակալություններ. Աբրահամյան
- Եթե Տավուշի գյուղերի հանձնման պրոցեսը տեղի ունենա, այդտեղից կսկսվի պետականության վերջնական ավարտը. Սուրեն Պետրոսյան
- Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի գյուղերի մասին. Ես ման եմ գալիս այն մարդկանց, որոնք կգան ու կապացուցեն, որ դա ՀՀ տարածք է
- Տավուշի գյուղերի հանձնման դեպքում ադրբեջանցիները խնդրահարույց հեռավորության վրա են գտնվելու Լոռու տարբեր բնակավայրերի նկատմամբ. Աբրահամյան
- Տավուշի մարզով անցնող մայրուղային գազատարի վերատեղադրման վերաբերյալ հարց չի քննարկվել