2023-ին ավելացել են կոռուպցիոն բնույթի հանցագործություններով դատարան ուղարկված վարույթների ու դրանցով անցնող մեղադրյալների թիվը
Նախորդ տարի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ դեպքերով ՀՀ քննչական կոմիտեում քննվել է 1326 քրեական վարույթ, ինչը 108-ով կամ 8 %-ով ավելի է 2022թ. քննված նույնաբնույթ դեպքերի վերաբերյալ վարույթների քանակից։ Նման տվյալներ է հրապարակել ՔԿ-ն՝ ամփոփելով անցած տարվա արդյունքները։
Ընդհանուր առմամբ ՀՀ ՔԿ ստորաբաժանումների գերծանրաբեռնվածության պայմաններում հաջողվել է 2023թ․ ընթացքում էականորեն ավելացնել դատարան ուղարկվող վարույթները։ Մասնավորապես վերոնշյալ 1326 վարույթներից 133-ի նախաքննությունն ավարտել մեղադրական եզրակացությամբ և 354 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, այն դեպքում երբ 2022թ․-ին քննված 1218 վարույթից դատարան էր ուղարկվել 76-ը՝ 122 անձի վերաբերյալ մեղադրանքով։ Այսինքն նախորդող արվա համեմատ դատարան ուղարկված վարույթները 2023թ․ աճել են շուրջ 75 տոկոսով, իսկ դրանցով անցնող մեղադրյալների քանակը՝ 190 տոկոսով։
214 վարույթ կարճվել է, որից 176-ը ռեաբիլիտացնող, 38-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ 80 վարույթով ավարտվել են վարութային գործողությունները, 194-ն ուղարկվել է այլ մարմին, 106 վարույթ՝ միացվել է, 599-ը փոխանցվել է 2024թ.:
Մասնավորապես ՀՀ քննչական կոմիտեում 2023թ․ քննված կոռուպցիոն բնույթի քրեական վարույթները վերաբերել են, հիմնականում՝
• պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող, այդ թվում՝ մասնավորեցման ոչ ենթակա գույքը հանցավոր տարբեր սխեմաներով վարձակալության տալուն կամ օտարելուն, հողամասերի ինքնակամ զավթմանը,
• ուսումնական, համայնքային կամ պետական հաստատություններում աշխատակիցներին անաշխատ եկամուտներ հատկացնելու կամ այդ գումարները յուրացնելուն,
• սոցիալական ապահովության ծառայության տարածքային առանձին բաժիններում կենսաթոշակների նշանակման գործընթացներում չարաշահումներին, այդ թվում կաշառք ստանալուն, տալուն և կաշառքի միջնորդությանը,
• ուսումնական, պետական, համայքնային հաստատություններում պաշտոնեական դիրքի չարաշահմամբ հափշտակություններին, պաշտոնեական կեղծիքներ և փաստաթղթերի կեղծիքներ կատարելուն,
• պաշտոնատար անձանց կողմից ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն,
• գերեզմաններում հողահատկացումների գործընթացում պաշտոնեական չարաշահումներին և անփութությանը,
• փողերի լվացմանը և այլն։
• Տարվա ընթացքում հատուկ հետևողականություն է դրսևորվել հատկապես սխեմատիկ բնույթ կրող առերևույթ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը։ Դրանց ուղղությամբ տարվել են մեծածավալ աշխատանքներ, որոնք շարունակվել են նաև 2024թ․ ընթացքում: Դրանցից են, մասնավորապես, ինտենսիվ այգիների զարգացման պետական աջակցության ծրագրի, ինչպես նաև սոցիալական ապահովության ծառայության տարածքային առանձին բաժիններում կենսաթոշակների նշանակման գործընթացներում առերևույթ չարաշահումները։
•
Մինչդատական վարույթի ընթացքում 2023թ. ավարտված միայն կոռուպցիոն բնույթի քրեական վարույթներով պատճառված գույքային ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 8մլրդ 720մլն ՀՀ դրամ, որից 4մլրդ 320մլն-ը՝ պետությանը և համայնքներին պատճառված վնասն է, մնացածը՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց։
Պատճառված վնասներից 2023թ. ընթացքում վերականգնվել է ընդհանուր շուրջ 1մլրդ դրամը։
Քրեական վարույթներով վնասի վերականգնման իրավական երաշխիքների ապահովման նպատակով արգելանք է կիրառվել շուրջ 1մլրդ 200մլն ՀՀ դրամի չափով գույքի նկատմամբ: