Հայաստանում ներառականությունը միայն թղթի վրա է. Մելեա Միլիտոսյան
«Հայաստանում ներառական կրթությանը մի քիչ սխալ ներդրվեց, առաջին հերթին պետք էր վերապատրաստել ոլորտի մասնագիտական թիմը, հետո միայն խոսել ներառականության մասին»,-նախքան «Խոսում է աուտիզմը» համաժողովի մեկնարկը, պատասխանելով Panorama.am-ի հարցին, թե ներառական կրթությունը ինչքանով է օգնում հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին, ասաց Հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողական ասոցիացիայի հանրային կապերի համակարգող Մելեա Միլիտոսյանը։
Նա ցավով փաստեց, որ հիմա ներառականությունը միայն թղթի վրա է, կան բազում անելիքներ, կարիք կար ավելի դանդաղ ներդնել գործընթացը, որպեսզի հաջող լիներ։
«Խնդիրները շատ են, երևի նաև հենց այն պատճառով, որ միանգամից արվեց՝ փակվեցին հատուկ դպրոցները, երեխաները դուրս մնացին հատուկ կրթությունից, միանգամից մտան մեծ դասարաններ, որտեղ 30 և ավելի երեխաներ են, մանկավարժները պատրաստ չեն, վերապատարտումները՝ տարեկան երկու անգամ են, դրա համար պրոցեսը դժվար է ընթանում»,- ասաց Մ. Միլիտոսյանը։
Նրա խոսքով, հաշմանդամություն և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների պատշաճ կրթությունն ապահովելու համար միայն դպրոցը բավարար չէ. «Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների մասնագետները հաճախ չեն լինում դպրոցներում, շատ դպրոցներ մասնագետների կարիք ունեն։ Որպես ծնողական համայնքի ակտիվ անդամ, գիտեմ՝ կան առաջին դասարանի երեխաները, որոնք դեռևս գնահատում չեն անցել, դեռևս անձնական ուսուցման պլան չունեն։ Մասնագետները գնահատման միջոցով են իմանում երեխայի ընդհանուր կարողությունների մասին, որպեսզի կազմակերպեն նրա ուսուցումը։
Չես հասկանում՝ ինչ են անում, երբ երեխաներն արդեն տառերն անցել են»։