Անահիտ աստվածուհու գլուխն ու ձեռքը Հայաստան կբերվի սեպտեմբերին
2024 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանության և Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության աջակցությամբ կիրականացվի «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» խորագրով մեծածավալ միջազգային ցուցադրությունը։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
Հայաստանի պատմության թանգարանում այսօր տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ «Մայր աստվածություն․ Անահիտից Մարիամ» մեծածավալ ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքների մեկնարկի և դրա շրջանակում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի ու ձեռքի՝ Բրիտանական թանգարանից փոխառության պայմանագրի կնքման վերաբերյալ։
Մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը և Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:
Ասուլիսի ընթացքում Անահիտ աստվածուհու բրոնզե արձանից պահպանված գլխի և ձեռքի փոխառության պայմանագիրը, որն արդեն հաստատված է Բրիտանական թանգարանի կողմից, հանդիսավորությամբ վավերացվել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի կողմից: Բրիտանական թանգարանի հետ կնքված փոխառության պայմանագրով մեկնարկելու է Ք․ ա․ II-I դդ․ թվագրվող Անահիտ աստվածուհու արձանից պահպանված և Բրիտանական թանգարանում պահվող ու ցուցադրվող բրոնզե գլխի և ձեռքի Հայաստան տեղափոխումը և 6 ամսով ժամանակավոր ցուցադրությունը։
Մանրամասնելով ցուցահանդեսի գաղափարը՝ Դավիթ Պողոսյանը նշել է. «Այս գաղափարն աշխարհի հեղինակավոր թանգարաններից մեկի՝ Բրիտանական թանգարանի հետ համագործակցության արդյունքում է ծնվել: 2023 թվականին Բրիտանական թանգարանում բացվել է «Շքեղություն և ուժ․ Պարսկաստանից Հունաստան» խորագրով միջազգային ցուցադրությունը, որին մասնակցել է նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ ներկայացնելով 3 բացառիկ մշակութային արժեքներ՝ Արմավիրից գտնված ոսկյա կրծքազարդը, կավե ցլակերպ ծիսանոթը (Ք․ա․ VI-V-րդ դդ․) և Արտաշատից գտնված կավե արջակերպ ծիսանոթը (Ք․ ա․ I դ․)։ Շատ հետաքրքիր ցուցադրություն էր. պատմական մայրաքաղաք Արտաշատից գտնված արջակերպ պրիտոններից մեկը համադրվեց պատմական Հայաստանից գտնված և Բրիտանական թանգարանում պահվող Անահիտ աստվածուհու արձանի բրոնզե դեմքի հետ: Հենց այդ ժամանակ էր, որ կազմակերպիչ-համակարգողների հետ փորձեցինք նաև հակառակը կազմակերպել, այսինքն՝ պատմական Հայաստանից գտնված այս արժեքների համատեղ ցուցադրությունը կազմակերպել նաև մեր երկրում՝ համադրելով Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ»: Դավիթ Պողոսյանի նշմամբ՝ 2024 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2025 թվականի մարտը Հայաստանի պատմության թանգարանը հնարավորություն է ունենալու ցուցադրել և պատմականորեն կազմակերպել այս առարկաների հանդիպումը:
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն իր հերթին նշել է․ «Անչափ ուրախ եմ, որ Բրիտանական թանգարանն Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրին ժամանակավորապես տրամադրելու է Հայաստանի պատմության թանգարանին։ Բրիտանական թանգարանը հայտնի է իր ծավալուն հավաքածուով և իր գանձերն աշխարհի տարբեր երկրներում ցուցադրելու հանձնառությամբ։ Ամեն տարի տրամադրելով ավելի քան 5000 նմուշ՝ թանգարանը հանդիսանում է մշակութային փոխանակման համաշխարհային կենտրոն՝ սահմաններից անդին խթանելով երկխոսություն և փոխըմբռնում։ Ջերմորեն ողջունում եմ բրիտանական և հայկական թանգարանների միջև աճող համագործակցությունը։ Հայաստանում ակնկալվող ցուցադրությունը մշակութային փոխանակման կարևոր իրադարձություն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան