LVMH-ի սեփականատեր Բեռնար Առնոն կրկին գլխավորել է Forbes-ի աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշը
Լյուքս դասի ապրանքներ արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy - Louis Vuitton) սեփականատեր Բեռնար Առնոն հերթական անգամ գլխավորել է Forbes-ի վարկածով աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանիշը։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն։
Առնոյի կարողությունը գնահատվում է 233 միլիարդ դոլար, մեկ տարի առաջ այն 211 միլիարդ էր։
Երկրորդ տեղում է ձեռներեց Իլոն Մասկը, որի կարողությունը մեկ տարի առաջվա 180 միլիարդից հասել է 195 միլիարդի:
Ցուցակի երրորդ տեղը կրկին զբաղեցնում է Ջեֆ Բեզոսը։ Amazon առցանց մանրածախ առևտրի հիմնադիրի կարողությունը 194 միլիարդ դոլար է՝ մեկ տարի առաջվա 114 միլիարդ դոլարից հետո:
Մարկ Ցուկերբերգը, ում կարողությունը մեկ տարի առաջվա 64,4 միլիարդ դոլարից հասել է 177 միլիարդ դոլարի, 16-րդ հորիզոնականից բարձրացել է չորրորդ:
Հինգերորդ տեղում Oracle-ի գործադիր տնօրեն Լարի Էլիսոնն է, ում կարողությունը 107 միլիարդ դոլարից հասել է 141 միլիարդ դոլարի: