Անհանգստացած եմ Նկարիչների միության հետագա ճակատագրով. Սուրեն Սաֆարյան
«Անչափ անհագստացած ենք մեր՝ Նկարիչների միության հետագա գործունեության ճակատագրով»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությունը հանդես է եկել «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու նախաձեռնությամբ, քանի որ «ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ սեփականության իրավունքի գրանցումը կատարվել է իրավական ակտերի պահանջների խախտմամբ»։
Ս. Սաֆարյանը նշեց, որ չի կարող ասել, թե ինչու է հիմա դատախազությունը նման նախաձեռնությամբ հանդես եկել, բայց իրենց համար եղել է մեծ անակնկալ ու մեծ անհանգստության տեղիք է տալիս։
«Նկարիչների միության անդամները նույնպես անհանգստացած են։ Անորոշություն է, պարզապես մի տեղեկատվություն կա՝ անօրինականություն է եղել։ Եթե-ները շատ են՝ ի՞նչ կլինի շենքի հետ կապված, արդյոք պետականացնելուց հետո Նկարիչների միության գործունեությունն այս շենքում կկասեցվի, թե ոչ։ Կան շատ հարցեր, որոնց պատասխաններն այս պահին չունենք»,- ասաց Նկարիչների միության նախագահը։
Նկարիչների միության շենքը կառուցվել է 1959թ., որը նախատեսված է եղել հենց Հայաստանի նկարիչների միության վարչության և ցուցահանդեսների համար: Շենքի ճարտարապետական նախագծի հեղինակն է Ռաֆայել Իսրայելյանը: Հիմնադիրներն են՝ քանդակագործ Արա Սարգսյան, նկարիչներ Մարտիրոս Սարյան, Գաբրիել Գյուրջյան։
«Այնպես չէ, որ նկարիչներն այս շենքում տեղակայցած են մեկ տարի։ Հիմնադրման օրվանից գործել են, հատուկ կառուցվել է նկարիչների համար։ Ցուցասրահները հատուկ նշանակությամբ են կառուցվել։ Այս շենքում իրականացվել են շատ ծրագրեր, ցուցահանդեսներ։ Անկախության տարիներին մենք աշխատել են տարբեր կառավարությունների հետ, մեզ ճանաչել են որպես այս շենքի սեփականատեր։ Այսօր ես շատ շփոթված եմ, անհանգստացած Նկարիչների միության հետագա գործունեության վերաբերյալ ու ճակատագրով»,- նշեց Ս. Սաֆարյանը։
Նա ասաց, որ այժմ դատախազության գրությունները ուսումնասիրում են փաստաբանները, որպեսզի հասկանան՝ ինչ է կատարվում, ինչ իրավախախտումների մասին է խոսքը։
«Հարցերը շատ են, պատասխաններ այս պահին չունենք։ Գործն ուսումնասիրման փուլում է, որպեսզի հասկանանք, թե ինչ կետերով են այդ անօրինականությունները»,- ասաց Նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանը։
Հիշեցնենք, որ գխավոր դատախազությունը մեկնաբանել էր «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը։
Հարակից հրապարակումներ`
- Հենրիկ Էդոյան. Սա իրավաբանական հարց չէ, այս ամենը հեռագնա նպատակներ ունի և ուղղված է ստեղծագործական միությունների դեմ
- Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը