Իրավաբանը հին չի լինում, պոլի փետն է հին լինում. Դադարեցրեք համեմատությունները. ԵՊՀ-ում դեկան են ընտրում
«Մեծագույն հարգանքով եմ վերաբերվում Գիտական խորհրդի կազմին, գիտնականներ են, ես գիտության ոլորտի մարդ եմ, 27 տարի դասվանդում եմ։ Որևէ առումով չեմ զիջում որևէ թեկնածուի»,-լրագրողների հետ զրույցում ասաց Իրավագիտության ֆակուլտետի դեկանի թեկնածու առաջադրված Գևորգ Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ ԵՊՀ-ում այսօր իրավագիտության ֆալուկտետի դեկան են ընտրում։
Ի դեպ, Պետրոսյանը դասախոսում էր նույն ֆալուկտետում, սակայն ԵՊՀ ղեկավարությունը վերցրել էր նրանից դասաժամերը։ Պետրոսյանն ասաց՝ դատական կարգով վերականգնել է դրանք, վճիռն ուժի մեջ կմտնի մի քանի օրից, եթե չբողոքարկեն։
Գնահատելով ընտրվելու իր շանսերը՝ Պետրոսյանն ասաց, մինչ այս որևէ մեկին չի տեսել, որևէ մեկի հետ չի բանակցել, չի խոսել։
«Ես իմ հայտն եմ ներկայացրել։ Իմ լեզվով ասած, իրենց ցավն էլ տանեմ, կուզեն՝ ընտրեն, կուզեն՝ չեն ընտրի»,-ասաց Պետրոսյանը։
Երբ լրագրողները փորձեցին մուտք գործել Գիտխորհդրի նիստերի դահլիճ, որտեղ պետք է կայանա քվեարկությանը, անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին։ Պետրոսյանը՝ վկայակոչելով իր իրավաբան լինելը, ասաց, նման կարգավորում չկա, ապա անվտանգության տարեց աշխատակցին հարցրեց.
Դուք իրավաբա՞ն եք։
-Այո, հին, շատ հին։
-Իրավաբանը հին չի լինում, պոլի պետն է հին լինում,-արձագանքեց Պետրոսյանը։
-Դադարեցրեք համեմատություններ անելը, դադարեցրեք,-ընդհատեց անվտանգության աշխատակիցը։
Ավելի ուշ լրագրողներին մոտեցավ ԵՊՀ խոսնակը, փոխանցեց՝ քվեարկություն եղավ, մեծամասնության ձայներով խորհուրդը որոշեց, որ նիստը կանցկացվի փակ ձևաչափով։
«Նշեցին, որ սա ներքին քննարկվելիք հարց է։ Այստեղ ներկայացվելու են ֆալուկտետի զարգացման հայեցակարգերը, որոնք պետք չէ, որ մեր մրցակից բուհերը լսեն»,-փոխանցեց ԵՊՀ խոսնակը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովուրդ». ԵՊՀ Իրավաբանականի Գիտխորհրդի նիստը շատ թեժ է անցնելու
- Գևորգ Պետրոսյան. Մտադիր եմ թեկնածությունս առաջադրել ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկանի պաշտոնում