Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրենց նման տհասներին դուր գալու նպատակով. Սարգսյան
մանկավարժ, հրատարակիչ, «Այբբենարանի» հեղինակ Վաչագան Ա. Սարգսյանը գրում է.
«ՏԽՈՒՐ Է ՈՒ ՁԱՆՁՐԱԼԻ
Վերջերս սովորույթ է դարձել համացանցում դնել որևէ դասագրքի որևէ էջի նկար ու գրել՝ օգնեք լուծել, գտնել պատասխանը և այլն: Սա համարում եմ բնական մի բան: Մարդը չի կարողացել, չգիտի, տեղյակ չէ, խելքը չի հասնում և օգնություն է խնդրում:
Անբնականն ու աննորմալությունն այն է, որ կան դեպքեր, երբ այդ ամենը պիտակավորված է ներկայացվում՝ դեբիլություն, հիմարություն, աղբ և այլն: Այդպես գրողները չեն էլ հասկանում, որ իրենք իրենց են բնորոշում:
Բայց ավելի զազրելի է, որ իրենց ամենագետ համարող որոշ թունավոր տհասներ իրենց մեկնաբանություններում սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին, իրենց նման տհասներին դուր գալու նպատակով:
Առանց ամաչելու, առանց հասկանալու խնդրի էությունը, առանց գիտակցելու թե ինչի է կոչված որևէ առաջադրանք, ինչ նպատակով է ստեղծված, կյանքում որևէ օգտակար բան չարած, բանից անտեղյակ որևէ դուրսպրծուկ կարող է հանգիստ հայհոյել տքնաջան աշխատանքով ստեղծված դասագրքի հեղինակներին, երեխաների միտքն ու տրամաբանությունը զարգագացնող, բայց իր հավուղեղին անհասանելի առաջադրանքը անվանարկելով ու ծաղրելով, համարելով դեբիլություն:
Մարդը փոխանակ ամաչելու, որ հասարակ բանը չի հասկանում, առանց կարմրելու գնահատական է տալիս դասագրքին՝ իրեն վեր դասելով դասագրքաստեղծ խմբից, իր պստլիկ եսիկի խեղված պահանջմունքները բավարարելու համար:
Ուրախալին այն է, որ բոլոր նման գրառումների տակ միշտ հանդես են գալիս բազմաթիվ օգտատերեր, որոնք մանրամասն, համբերատար ու ճշգրիտ բացատրում են, թե ինչն ինչոց է, բայց ցավալին այն է, որ նրանց լսող չկա: Կարևորը՝ տեղ է բացվել իրենց թույնը թափելու, զսպված խելացնորությունները դուրս տալու համար»։