«Ժողովուրդ». Երևանի քաղաքապետարանի միջադեպից հինգ ամիս անց հարցաքննվել Երևանի ավագանու կին անդամներից ընդամենը մեկը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Իրավապահ համակարգը մոռացել է Երևանի քաղաքապետարանի միջադեպի գործը։ Քրեական վարույթից 5 ամիս անց քրեական հետապնդման ենթակա անձ չկա։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել և հարցաքննվել Երևանի ավագանու կին անդամներից ընդամենը մեկը՝ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը. նրանից հետո այլ անձ չի հարցաքննվել։ Միջադեպից անցել է շուրջ 5 ամիս, և գործով ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ տուժող։
Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երևանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջև առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսևորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) և 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։