ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
ԵՄ-ն խոստացել է ուս ուսի կանգել Հայաստանի կողքին և այսօր այդ խոստումը կատարում է»,-Բրյուսելյան հանդիպումից առաջ ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլու ֆոն դեր Լեյենը՝ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի, ԵՄ արտաքին դիվանագիտական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ համատեղ ասուլիսում:
Նա նշել է, որ Հայաստանի հետ գործընկերության տեսլականը կյանքի կկոչվի Հայաստանի դիմակայունությանը նպաստելու ծրագրի միջոցով։
«Մենք ներդրումներ կանենք, որպեսզի Հայաստանի տնտեսությունն ու հասարակությունն ավելի ամուր լինեն և ցնցումների նկատմամբ կայուն», - ասել է Եվրահանձնաժողովի նախագահը՝ նշելով 270 մլն եվրո դրամաշնորհի մասին, որը կօգնի հատկապես փոքր և միջին ընկերություններին։
Ֆոն դեր Լեյենի խոսքով՝ ԵՄ-ն Հայաստանում ներդրումներ կանի հատկապես ենթակառուցվածքային նախագծերում՝ մասնավորապես Սև ծովի էլեկտրական մալուխի նախագծում, ինչպես նաեւ վերականգնվող էներգիայի արտադրության մեջ։
Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ողջունել է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և նշել, որ ԵՄ-ն կուսումնասիրի նաև միջսահմանային տրանսպորտը, երբ պայմանները թույլ տան։
Եվրահանձնաժողովի նախագահը խոսել է աջակցության նոր փաթեթի՝ Հայաստանի համար Եվրոպայի տնտեսական և ներդրումային ծրագրի մասին։
«Այն արդեն կես միլիարդ եվրո է մոբիլիզացրել ներդրումների համար։ Սա հրաշալի նորություն է, և մենք կարող ենք ավելին անել։ Ահա թե ինչու վերջերս գործարկեցինք ներդրումների համակարգման հարթակը, որպեսզի կարողանանք բացահայտել նոր նախագծեր և արագացնենք իրականացումը», - ասել Ֆոն դեր Լեյենը։
Եվրահանձնաժողովի նախագահը ողջունել է Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին միտված ջանքերը՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերներին և վերահաստատել՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել իրականացվող բարեփոխումներին խորհրդատվության, տեխնիկական աջակցության և ֆինանսավորման միջոցով։
Ուրսուլա Ֆոն դեր Լեյենը հավելել է, որ չեն մոռանում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց ծանր վիճակի մասին։ «Հայաստանում փախստականների հումանիտար իրավիճակը մնում է առաջնահերթություն։ Մենք ավելի քան 30 միլիոն եվրո ենք տրամադրել նրանց աջակցելու համար և պատրաստ ենք ավելին անել»,- նշել է նախագահ Ֆոն դեր Լեյենը՝ իր ուրախությունը հայտնելով, որ կարող են հույս դնել Միացյալ Նահանգների վրա՝ որպես հավատարիմ և համախոհ գործընկեր այս ջանքերում։
«Մենք շարունակելու ենք բոլորս միասին աշխատել հանուն Հայաստանի ապագայի՝ կայուն ու բարգավաճ հարավկովկասյան տարածաշրջանում»,- եզրափակել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին