Մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Փաշինյանը՝ Բրյուսելում
«Այսօրվա բարձր մակարդակի երկխոսությունը նշանակում է Հայաստանի ընդլայնվող գործընկերությունը Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ»,- Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ չնայած բազմաթիվ ճգնաժամերին՝ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ապահովման ուղղությամբ. «Չբավարարվելով ձեռք բերված առաջընթացով՝ մենք կքննարկենք Հայաստանի ջանքերը՝ ուղղված ժողովրդավարական ինստիտուտների դիմակայունության ամրապնդմանը։ Մենք համոզված ենք, որ մեր համագործակցության հիմքում ընկած է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը: Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է արդարադատության և հանրային հատվածի բարեփոխումներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ավելի ուժեղ, ավելի ապահով և առաջադեմ երկիր կառուցելու համար։
Հիմնվելով մեր արդյունավետ քաղաքական համագործակցության վրա՝ ճիշտ ժամանակն է առաջ մղել մեր տնտեսական համագործակցությունը, խթանել առևտուրը և ընդլայնել մեր գործընկերությունը շարժունակության ոլորտում: Մենք վճռական ենք բարձրացնելու Հայաստանի մասնավոր հատվածի մրցունակությունը նոր շուկաներ մուտք գործելու նպատակով: Ավելին, մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը և այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար: Մենք ակնկալում ենք, որ մեր գործընկերները մեզ կաջակցեն արդիականացնել Հայաստանի որակի ենթակառուցվածքը, կառուցել բիզնես ցանցեր և ուսումնասիրել առևտրի դյուրացման հնարավոր սխեմաները»։
Նա հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 բռնի տեղահանված հայերի սոցիալ-տնտեսական ներառումը և նրանց կարճաժամկետ և երկարաժամկետ կարիքների հասցեագրումը նույնպես առաջնային նշանակություն ունի. «Մեր հավաքական ջանքերը պետք է կենտրոնանան փախստականների արժանապատիվ կյանքը վերականգնելու հնարավորություն տալու վրա` բնակարանային և տնտեսական ակտիվացման քաղաքականությունների միջոցով»։
Փաշինյանը նաև ասել է. «Ցանկանում եմ ընդգծել, որ մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված միմյանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա՝ համաձայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի: Հայաստանը նաև լիովին հավատարիմ է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա սահմանների սահմանազատմանը և տարածաշրջանային բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակմանը, որը հիմնված է երկրների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների լիարժեք հարգման վրա:
Այս նպատակին հասնելու համար մենք ներկայացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որի նպատակն է խթանել կապակցվածությունը և երկխոսությունը հարևան երկրների հետ, և անդին: Ավելի լայն տարածաշրջանում սիներգիան ուժեղացնելու համար մենք ձգտում ենք ինտեգրել մեր նախաձեռնությունը ԵՄ Գլոբալ դարպասների (Global Gateway) ռազմավարության հետ և ակնկալում ենք մեր գործընկերների աջակցությունն այս հարցում»: