Դարձյալ պատմության դասագրքի մասին․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․
«ԴԱՐՁՅԱԼ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍԱԳՐՔԻ ՄԱՍԻՆ
«Հայոց պատմություն» առարկայի 7-րդ դասարանի դասագրքի շուրջ հարցերը սպառված չեն։ Մասնագիտական դիտարկումների առնչությամբ հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի պարզաբանումների ամփոփաթերթը/որ զետեղել եմ իմ էջում/ բազմաթիվ հարցեր է առաջացնում։
Օրերս, լրացուցիչ պարզաբանումներ, նախարարության պաշտոնական տեսակետը ստանալու ակնկալիքով հետևյալ հարցերն եմ ուղղել ԿԳՄՍ նախարարությանը։
1․Ներկայացված փաստաթղթում ԿԳՄՍ փորձագետի արված դիտարկումները որքանո՞վ կարող են հակակշռել տասնյակ պատմաբան-մասնագետների կողմից արված եզրակացությանը և ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվել ԿԳՄՍ նախարարությունը մեկ անձի տեսակետը հիմք ընդունելով անտեսել Հայոց պատմության ուսումնասիրության մեջ լուրջ ներդրում ու ավանդ ունեցող մասնագետ գիտնականների կարծիքն ու եզրակացությունը:
2․Ներկայացված փաստաթուղթն ընդամենը մեկ հեղինակ-մեկ փորձագետ ձևաչափով կազմված բացարձակ անհամոզիչ գրություն է, այլ ոչ թե մասնագիտական կամ փորձագիտական եզրակացություն:
3․Հստակ պարզաբանման կարիք կա, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվել ԿԳՄՍ նախարարության փորձագետը և ինչու՞ չկա այդ փորձագետի վերջնական եզրակացությունը, որի հիման վրա ԿԳՄՍ նախարարությունը որոշում է կայացրել դասագիրքը թողնել շրջանառության մեջ: Ձեր կողմից ներկայացված փաստաթուղթն ընդամենը երրորդ կողմի դիտարկումներ են, այլ ոչ թե նախարարության կողմից վերջնական որոշում կայացնելու համար անհրաժեշտ մասնագիտական եզրակացություն:
4․Նախարարությունն արդյո՞ք տարբերություն տեսնում է «փորձագետ» և «մասնագետ» եզրույթների միջև, այն դեպքում երբ ԿԳՄՍ բանավոր ու գրավոր արձագանքներում այս երկու հասկացությունները ներկայանում են որպես համարժեքներ:
5․Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից ընտրված մեկ փորձագետի դիտարկումներին, ապա այստեղ տեսնում ենք մեկ այլ ցնցող պատկեր. նախարարության փորձագետը մատնացույց է անում խնդրահարույց դասագրքում առկա ավելի քան 100 (հարյուր) սխալներ, վրիպակներ ու անճշտություններ` ընդունելով պատմաբան-մասնագետների արված դիտողությունների ճշմարտացիությունը: Ի՞նչ է ստացվում: Մեկ դասագրքում, ըստ ԿԳՄՍ փորձագետի, առկա է հարյուրից ավելի խնդրահարույց հատվածներ և դա չտեսնելու տալով որոշում է կայացվում դասագիրքը չխոտանել ու թողնել շրջանառության մեջ: Որքանո՞վ է հիմնավոր ու արդարացված ԿԳՄՍ նախարարության նման որոշումը:
6․Անդրադառնալով ցանկացած դասագրքի և հատկապես պատմության առարկան ներկայացնող դասագրքի կարևորագույն բաղադրիչին, այն է` պատկերազարդումներին ու լուսանկարչական նյութին, դասագրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանն իր մեկնաբանություններում արձագանքում է հետևյալ կերպ. «Այն հատվածներին եմ պատասխանել, որոնք կոնկրետ վերաբերում են ինձ։ Դասագրքի տեխնիկական կողմերին անդրադառնալը իմ դաշտից դուրս է»։ Ի պատասխան այս դիտարկմանը ԿԳՄՍ փորձագետն արձագանքում է հետևյալ կերպ. «Լուսանկարների ընտրությանը վերաբերող դիտարկումները չի կարելի տեխնիկական խնդիր համարել: Քարտեզների դեպքում առաջարկում ենք գրել դրանց հեղինակների անունները, որպեսզի ողջ պատասխանատվություն ը գրքի հեղինակի վրա չլինի»: Ի՞նչ է ստացվում: Փաստորեն ԿԳՄՍ փորձագետը ևս ընդունում է, որ դասագրքի պատկերագրական ու լուսանկարչական նյութը խնդրահարույց է և արդյո՞ք միայն այս հանգամանքը բավարար չի այդ դասագիրքը խոտանելու համար:
7․Բացարձակ անհասկանալի ու անընդունելի է ոչ միայն մեկ փորձագետի կարծիքը հաշվի առնելով և տասնյակ գիտնականների եզրակացությունն անտեսելով վերջնական որոշում կայացնելու ԿԳՄՍ մոտեցումը, այլև այդ նույն փորձագետի ինքնությունը, գիտական աստիճանն ու կոչումը գաղտնի պահելու հակումը: Մասնագիտական եզրակացություն ներկայացրած շուրջ երկու տասնյակ գիտնականները իրենք ինքնությունները չեն կոծկել, այնինչ պարզ տրամաբանությունը հուշում է, որ «անկախ փորձագետ» բնորոշումը ենթադրում է անձի ինքնության հրապարակում` ավելի համոզիչ ու անաչառ երևալու համար:
8․Արդյոք նախարարությունը կոռուպցիոն ռիսկեր չի տեսնում դասագրքի հեղինակին միակողմանի պաշտպանության, այդ դասագրքի խմբագրական աշխատանքները հեղինակի կնոջը վստահելու հարցում»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան