Մեկ քայլ մոտենում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը․ Միրզոյան
«Եվրաջասթի» հետ համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես նաև ԵՄ և Բելգիայի պաշտոնյաներն իրենց խոսքում ընդգծել են, որ Հայաստանն առաջինն էր, որ 2021թ. սկսեց բանակցությունները համաձայնագրի կնքման շուրջ և այսօր՝ բանակցությունների հաջող ավարտից հետո, առաջինն է, որ ստորագրում է այն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից: Ստորև ներկայացնում ենք Միրզոյանի խոսքն ամբողջությամբ:
«Մեծարգո՛ նախարար,
Հարգելի՛ հանձնակատար,
Հարգելի՛ նախագահ,
Հարգելի՛ գործընկերներ,
Իսկապես ուրախ եմ այսօր ստորագրել այս համաձայնագիրը, որն ուղղված է արդարադատության, օրենքի գերակայության ոլորտներում և անդրազգային ծանր հանցագործությունների դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև համագործակցության հետագա ամրապնդմանը։
Ցանկանում եմ իմ անկեղծ երախտագիտության խոսքերն ուղղել ԵՄ կառույցների բոլոր գործընկերներին, Բելգիայի նախագահությանը և նախագահ Համրանին՝ իր անձնական ներդրման համար, ինչպես նաև ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների գործընկերներին այս բանակցությունները հաջողությամբ վարելու համար։ Ինչպես արդեն ասվեց, Հայաստանն ի սկզբանե շահագրգռված էր ստորագրել այս համաձայնագիրը, մենք առաջինն էինք, որ սկսեցինք բանակցությունները, և ես հպարտ եմ, որ մենք առաջինն ենք ավարտել բանակցությունները և ստորագրում ենք համաձայնագիրը:
Բացի այդ, ուզում եմ ընդգծել, որ մենք արդեն ունեինք սերտ համագործակցություն «Եվրաջասթ», ինչպես նաև «Եվրոպոլ» գործակալությունների հետ նույնիսկ առանց այս համաձայնագրի, բայց հիմա այս համաձայնագիրն ամրապնդում և ինստիտուցիոնալ հիմքերի վրա է դնում մեր համագործակցությունը։
Այս համաձայնագրի ստորագրումով մենք նաև մեկ քայլ մոտենում ենք ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք իրականացմանը, բայց սա նաև դռներ է բացում փորձի փոխանակման և կարողությունների զարգացման նոր հնարավորությունների համար, ինչպես քննարկեցինք ավելի վաղ:
Այս համաձայնագիրն անփոխարինելի դեր կունենա Հայաստանի և Եվրոպական միության իրավասու մարմինների միջև ոլորտային համագործակցության խթանման հարցում, որի նպատակն է նպաստել փոխադարձ իրավական օգնությանը, համատեղ հետաքննության ռազմավարությունների մշակմանը և արդարադատական հարցերի հասցեագրմանն աջակցելուն: Հատկանշական է, որ «Եվրոպոլ» գործակալության հետ մենք արդեն մի քանի փաստաթղթեր ենք ստորագրել, որոնք այս օրերին անցնում ենք մեր խորհրդարանի կողմից վավերացման փուլը։
Շնորհավորում եմ և շնորհակալություն»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան