Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հայաստան-ԱՄՆ-ԵՄ ֆորմատով բարձր մակարդակի հանդիպումը, որը տեղի ունեցավ 2024 թվականի ապրիլի 5-ին Բրյուսելում, մենք դիտարկում ենք որպես Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական առճակատման մեջ ներքաշելու «Հավաքական Արևմուտքի» հերթական փորձը։ Հարավային Կովկասի գործերին արտատարածաշրջանային ուժերի անպատասխանատու և կործանարար միջամտությունը, տարածաշրջանի երկրների և նրանց հարևանների միջև սեպ խրելու ցանկությունը կարող է հանգեցնել առավել բացասական հետևանքների տարածաշրջանի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման համար, հրահրել նոր բաժանարար գծերի առաջացում, ինչպես նաև լարվածության անվերահսկելի աճ։
Ակնհայտ է, որ Արևմուտքը ցանկանում է Հայաստանը վերածել Հարավային Կովկասում իր չափազանց վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի։ Մեզ հայտնի է, որ Վաշինգտոնը և Բրյուսելը, վաղանցիկ խոստումների ներքո, ձգտում են Հայաստանին դուրս բերել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, դուրս բերել ռուսական ռազմակայանը և սահմանապահների։ Կոչ ենք անում Երևանի ղեկավարությանը թույլ չտալ, որ Արևմուտքը խաբի իրեն և երկիրը տանի սխալ ճանապարհով, որը հղի է անվտանգության վակուումի առաջացմամբ, տնտեսության մեջ լուրջ խնդիրներով և բնակչության արտագաղթով։ Բրյուսելում հայտարարված դրամաշնորհային աջակցության ծավալները չեն կարող համեմատվել այն բազմամիլիարդանոց օգուտների հետ, որոնք Հայաստանը շարունակում է ստանալ Մոսկվայի, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում փոխգործակցությունից։ Հենց այս գործոններն են վերջին տարիներին ապահովել ապրանքաշրջանառության բազմակի աճը (2018թ.-ից չորս անգամ) և արդյունքում՝ ռեկորդային տնտեսական և բնակչության բարեկեցության աճը։
Մենք հաստատում ենք մեր հանձնառությունը համակողմանիորեն խորացնելու և ընդլայնելու Հայաստանի հետ հարաբերությունները հիմնարար երկկողմ փաստաթղթերում և համաձայնագրերում ամրագրված սկզբունքների հիման վրա՝ ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաների միջոցով։ Համոզված ենք, որ ռուս-հայկական դաշինքի առաջանցիկ զարգացումը կնպաստի Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների հիմնարար շահերի իրականացմանը, տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմանը։
Արևմուտքը չի հրաժարվում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնարար հիմքը ոչնչացնելու փորձերից՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-2022 թվականների եռակողմ հայտարարությունների շարքը, որոնք նախատեսում են միջոցներ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների սահմանազատման, խաղաղության պայմանագիր պատրաստման, հասարակական գործիչների և փորձագետների շփումների միջոցով վստահության ամրապնդման համար։ Հենց Վաշինգտոնի և Բրյուսելի ճնշման տակ էր, որ պաշտոնական Երևանը կասեցրեց այդ պայմանավորվածությունների կատարումը, որոնցից շատերի, մասնավորապես փոխադարձ տրանսպորտային շրջափակման վերացման հարցում կողմերը մոտ էին փոխընդունելի լուծումներին։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկար սպասված խաղաղության հաստատմանը։
Հարավային Կովկասում և՛ տարածաշրջանային, և՛ երկկողմ բնույթի խնդրահարույց հարցերը պետք է լուծվեն «տարածաշրջանային պատասխանատվության» սկզբունքին համապատասխան, որը համաձայնեցվել է 2023 թվականի հոկտեմբերի 23-ին Թեհրանում «3+3» խորհրդատվական հարթակի երկրորդ հանդիպման ժամանակ, որի մասնակիցն էր նաև Հայաստանը։ Կոչ ենք անում արտաքին խաղացողներին հարգել այդ պայմանավորվածությունները, իսկ Երևանի իշխանություններին իրենց արտաքին քաղաքական գիծը կառուցելիս հաշվի առնել հարևան պետությունների մտահոգությունները։
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ խորհրդակցությունները գերազանց է որակել
- Մանրամասներ՝ Բրյուսելում ի աջակցություն Հայաստանի դիմակայունությանը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից
- Մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Փաշինյանը՝ Բրյուսելում
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան