Եթե դուք ավելի սերտ կապեր եք զարգացնում ԵՄ-ի հետ, դա չի նշանակում՝ պետք է կրճատեք ձեր կապերը որևէ այլ գործընկերոջ հետ. Պետեր Ստանո
«ԱՄՆ-ԵՄ- Հայաստան եռակողմ հանդիպումն ապացուցում է, որ մենք մոտենում ենք միմյանց», «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն:
Հարցին՝ կարո՞ղ է Եվրամիությունն օգնել՝ վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և կա արդյոք Բրյուսելում նման պատրաստակամություն, նա պատասխանել է. «Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության համար մենք ունենք միջազգային իրավունք։ Եվ Եվրամիությունը շատ հստակ մոտեցում ունի՝ պետք է հարգել միջազգային իրավունքը, այն չի կարող խախտվել։ Իսկ եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ։ Այդ իսկ պատճառով մենք մեծապես ներգրավված ենք աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների գործընթացին՝ լուծելու բոլոր առկա խնդիրները։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը շատ է ներգրավված դրանում՝ բարձր ներկայացուցիչ Բորելի, ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի աջակցությամբ։ Սա այն է, ինչ մենք արդեն անում ենք՝ աշխատում ենք երկու կողմերի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափերով՝ այդ գործընթացն առաջ տանելու համար: Բայց, ի վերջո, Ադրբեջանն ու Հայաստանը պետք է իրենք լուծումը գտնեն: Ոչ ոք չի կարող խնդիրը լուծել ձեր փոխարեն։ Ոչ ոք չի կարող ձեզ լուծումներ պարտադրել։ Մենք բոլորս՝ միջազգային հանրությունը միայն կարող ենք օգնել։ ...
Եվրամիությունն այստեղ չի կարող մրցավարի դեր խաղալ։ Մենք չենք կարող կարգավորման գործընթացում գլխավոր դերը ստանձնել, մենք կարող ենք օժանդակ դեր խաղալ այլ գործընկերների հետ՝ ԱՄՆ-ի, ՄԱԿ-ի հետ, եթե կուզեք, քանի որ խոսքը միջազգային իրավունքի հարգման մասին է։ Մենք ոչ թե լծակ ենք գործադրում, ոչ թե պարտադրանք՝ ինչ-որ մեկին ստիպելու ինչ-որ բան անել, այլ առաջարկում ենք մեր ծառայությունները, մեր լավագույն փորձը և մեր լավ մտադրությունները՝ օգնելու կողմերին լուծում գտնել։ Վերջ ի վերջո, կրկին ընդգծեմ՝ Ադրբեջանն ու Հայաստանն է, որ պետք է պայմանավորվեն։ Եվրամիությունը նույն դիրքորոշումն ունի ամբողջ աշխարհում: Եթե մենք մի փոքր հեռանանք և դա դիտարկենք ավելի լայն տեսանկյունից, ապա Եվրամիությունը նպաստում է Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների կարգավորմանը, որ շարունակվում է ավելի քան 10 տարի, և այս երկրները շատ ավելի մոտ են Եվրամիությանը։ Մենք հեշտացնում ենք գործընթացը, բայց չենք կարող ստիպել նրանց լուծում գտնել, քանի դեռ նրանք չեն տեսնում, որ այս լուծումը երկուսի համար էլ լավ փոխզիջում է։ Նույնն է Իսրայելի և Պաղեստինի դեպքում։ Այնտեղ շատ երկար ժամանակ կարգավորման գործընթաց է եղել, բայց քանի դեռ երկու կողմերը պատրաստ չեն, ուրիշ ոչ ոք չի կարող լուծում պարտադրել։
Մենք երկրներին և գործընկերներին ինչ-որ բան պարտադրելու գործով չենք զբաղվում։ Մենք շեշտում ենք միջազգային իրավունքը հարգելու անհրաժեշտությունը։ Մենք շեշտում ենք հաշտության, բարիդրացիական հարաբերությունների անհրաժեշտությունը, քանի որ դրանք քաղաքակիրթ կյանքի սկզբունքներն են։ ԵՄ-ում մենք ապրում ենք 21-րդ դարում, իսկ 21-րդ դարում հարցերը լուծում են քննարկումների միջոցով, ոչ թե ուժով»։
ԵՄ արտաքին հարաբերությունների խոսնակ Պետեր Ստանոն նաև ասել է. «Մենք խոսում ենք Հայաստանը քաղաքական և տնտեսական առումով ԵՄ-ը մոտեցնելու մասին։ Եվ դա ներառում է, իհարկե, բարեփոխումների վրա աշխատանք՝ ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում և բարեփոխում, իհարկե, անհրաժեշտ տնտեսական բարեփոխումներ, օրենքի գերակայության ապահովում, կոռուպցիայի դեմ պայքար։ Եվ այս հարցում Հայաստանը հսկայական աշխատանք է կատարել։ Սա գնահատվեց այսօր և շարունակում է գնահատվել: Բայց, իհարկե, կան խնդիրներ, որոնք դեռ պետք է բարելավվեն։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի հետ ձեր հարաբերություններին, ԵՄ-ն այն դերակատարը չէ, որ ասի՝ եթե ուզում եք աշխատել մեզ հետ, պետք է հրաժարվեք բոլոր մյուս գործընկերներից:
Մենք կողմ ենք ներառական համագործակցությանը։ Եթե կարծում եք, որ ձեր շահերից ելնելով կարևոր է, կամ՝ լավ է, կամ՝ ձեռնտու է Ռուսաստանի հետ ինչ-որ համագործակցություն ունենալը, կարող եք դա ունենալ, եթե այն չի հակասում ԵՄ քաղաքականությանը, օրինակ՝ մեր պատժամիջոցների քաղաքականությանը: Այսպիսով, եթե դուք ավելի սերտ կապեր եք զարգացնում ԵՄ-ի հետ, դա չի նշանակում, որ պետք է կրճատեք ձեր կապերը որևէ այլ գործընկերոջ հետ: Անկախ նրանից՝ դուք ցանկանում եք ունենալ ռուս զինվորներ, ռուսական ФСБ կամ որևէ այլ ռուսական իրավապահ մարմին ձեր հողում, դա ձեր ինքնիշխան որոշումն է: Մենք չենք ասում՝ եթե ուզում եք մեզնից ավելին ստանալ, պետք է ազատվեք ռուսներից։ ԵՄ-ն այդպես չի աշխատում»։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։
Հարակից հրապարակումներ`
- Արդյունքում ի՞նչ ստացան հիմնական կողմերը բրյուսելյան հանդիպումից. Փորձագետի կարծիք
- Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ խորհրդակցությունները գերազանց է որակել
- Մանրամասներ՝ Բրյուսելում ի աջակցություն Հայաստանի դիմակայունությանը Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից
- ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 65 մլն դոլարի օգնություն կտրամադրի. Էնթոնի Բլինքեն
- ԱՄՆ աջակցում է Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. Բլինքեն
- ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 270 միլիոն եվրոյի դրամաշնորհ. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն
- Ալիևը կարծում է, թե Բրյուսելի հանդիպման նպատակը Ադրբեջանին մեկուսացնելն է
- Մենք հավատարիմ ենք մնում Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը. Փաշինյանը՝ Բրյուսելում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա