«Ժողովուրդ». Գերմանիան սատարում է ԵՄ և ԱՄՆ բանակցային ջանքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Գերմանիան սատարում է Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցային ջանքերը, որոնք խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատնից:
«Ժողովուրդ» օրաթերթը Տավուշի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տարբեր դեսպանատների դիրքորոշումը ստանալու համար դիմել էր դեսպանատներ:
Ապրիլի 2-ին հերթական հարցումն էինք ուղարկել ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ խնդրելով պատասխանել հետևալ հարցերին. ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ և առաջարկում է սահմանազատումն իրականացնել այդ քարտեզներով, ինչու՞ դեսպանը, որպես միջազգային հանրության վառ ներկայացուցիչ, չի գործադրում ջանքեր, որպեսզի Ադրբեջանը, որ 2021 թվականից օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները Սյունիքի, Գեղարքունիքի և Ջերմուկի հատվածներում, հետ քաշվի: Եթե գործադրում է ջանքեր, ապա ինչո՞ւ չկա հաջողություն:
ՀՀ վարչապետը մարտի 18-ին՝ Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել էր, որ եթե 1 շաբաթվա ընթացքում սահմանազատման գործընթացը չսկսվի, այսինքն՝ տարածքները չհանձնվեն, ապա պատերազմ է սկսվելու: Դեսպանն ի՞նչ տեղեկություն ունի, արդյոք պատերազմը անխուսափելի՞ է, և եթե հարձակում լինի ՀՀ վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան միջազգային հանրությունը:
Մեր այս հարցերին ի պատասխան՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունից տվել են հետևյալ պատասխանը.
«Գերմանիան հաստատակամ է՝ շարունակելու գործուն աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ շփումներին և խաղաղության գործընթացին։ Այս գործընթացի հիմքը հարավկովկասյան երկրների ինքնիշխանությունը, անկախությունը և տարածքային ամբողջականությունն են, նպատակը պետք է լինի տարածաշրջանում արդար և կայուն խաղաղությունը։
Հայկական և ադրբեջանական կողմերը մասնավորապես դաշնային կանցլեր Օլաֆ Շոլցի հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում և փետրվարին Բեռլինում դաշնային արտգործնախարար Անալենա Բերբոքի հետ հանդիպմանը հաստատել են դեռևս առկա խնդիրները խաղաղ միջոցներով լուծելու իրենց պատրաստակամությունը։ Գերմանիան պատրաստ է ուղեկցելու նրանց համապարփակ բանակցված՝ խաղաղ կարգավորում տանող այս խիզախ ճանապարհին, զորօրինակ, որպես հյուրընկալ կողմ, ինչպես փետրվարյան հանդիպումներին էր։ Բացի այդ, Գերմանիան սատարում է Եվրամիության և Ամերիկայի Միացյալ Նահանգների բանակցային ջանքերը, որոնք խրախուսում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը։ Գերմանիան կարևորում է նաև այն դերը, որ ստանձնել է Հայաստանում Եվրամիության առաքելությունը (EUMA)՝ ի նպաստ տարածաշրջանում կայունության և փոխվստահության ձևավորման»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։