ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին. Բողոքի ակցիա ԵԽ քարտուղարի այցին ընդառաջ
«Որտե՞ղ է ժողովրդավարությունը», «Ազատություն քաղբանտարկյալներին». այս ու այլ գրություններով, քաղբանտարկյալների՝ Մամիկոն Ասլանյանի, Արմեն Աշոտյանի, Վազգեն Սաղաթելյանի, Նարեկ Մալյանի, Նարեկ Սամսոնյանի լուսանկարներով ցուցապաստառներով, Հայաստանի ու Արցախի դրոշներով մի շարք գործիչներ, քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում արտաքին գործերի նախարարության դիմաց։
«ԱՄՆ դեսպանը Հայաստանն ու Նիկոլի իշխանությունը համարում է ժողովրդավարության փարոս։ Այսօր ես ինձ հետ բերել եմ թուրքական արտադրության լամպ։ Սա է Նիկոլ Փաշինյանի ժողովրդավարության փարոսը, որովհետև այս փարոսը լույս է տալիս ու աշխատում է բացառապես Ադրբեջանի ու Թուրքիայի համար»,-ասաց ակցիայի մասնակից ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում է գտնվելու Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը: Քիչ անց ԱԳՆ շենքում նախատեսված է նրա հանդիպումը ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանի հետ:
«Այստեղ քիչ անց կժամանի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը։ Այն քարտուղարը, էն կառույցից, որ նախկինում որևէ ընդդիմադիրի սանրվածք ծռվում էր կամ գրիպ էր ընկնում, ԵԽԽՎ-ն, ԵԽ կոմիտեն հազարավոր հայտարարություններ էին տարածում ի պաշտպանության քաղբանտարկյալների։ Ես ինքս եղել եմ ԵԽԽՎ այն պատգամավորների թվում, ով 2012 թ. կողմ է քվեարկել քաղբանտարկյալ ձևակերպմանը։ Ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ կալանքի տակ գտնվող Արմեն Աշոտյանը, Նարեկ Մալյանը, Նարեկ Սամսոնյանը, Վազգեն Սաղաթելյանը, Մամիկոն Ասլանյանը քաղբանտարկյալներ են, համապատասախանում են ԵԽ ընդունած բանաձևի բոլոր հինգ կետերին»,-ասաց նա։
Զոհրաբյանը հարց հնչեցրեց՝ ինչո՞ւ է ԵԽ քարտուղարն աչք փակում Հայաստանում այսօր տեղի ունեցող դիկտատուրայի, բռնապետության, քաղաքական բանտարկյալների այս մեծ թվի վրա։
«Եթե թույլ տան, այս լամպը՝ ժողովրդավարության փարոսը ես կհանձնեմ Մարիա Բուրիչին»,-ասաց Զոհրաբյանը՝ պահանջելով, որ անհապաղ բանաձև ընդունվի ու քննարկվի Հայաստանի քաղբանտարկյալների հարցը, ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պահանջի անհապաղ ազատ արձակել քաղբանտարկյալներին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան