Իշխան Սաղաթելյան. Իմ տպավորությամբ կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն
«Ոչ միայն տավուշցիներին, այլև Հայաստանի ողջ ժողովրդին կարող եմ ասել, երկիրը վտանգի մեջ է, քանի որ իշխանության ղեկին գտնվում է մի խումբ, որը երկիրը տանելու է նոր փորձությունների»,-ԱԺ-ում լրագորղների հետ զրույցում ասաց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով, իշխանության կողմից օրակարգ բերած միակողմանի զիջումներին հարկավոր է հակազդեցություն թե Տավուշում, թե ողջ Հայաստանում, թե Սփյուռքում։
«Ինչ-որ փուլում դա պետք է վերածվի համազգային պոռթկումի, փորձենք ազատվել սրանցից, որ երկիրը վերադարձնենք բնականոն զարգացման հուն և կանխենք նոր կապիտուլյացիան, որը կախված է մեր գլխին»,-ասաց Սաղաթելյանը։
ԱԺ փակ նիստին մասնակցած դաշնակցական պատգամավորից լրագրողները հետաքրքրվեցին՝ ճի՞շտ են հասկացել, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ու ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի դիրքորոշումներում հակասություններ կան։
«Հակասություն չասեմ, բայց... ինչպես ձևակերպեմ, Արարատ Միրզոյանը Նիկոլից Նիկոլ էր դահլիճում։ Իսկ Մհեր Գրիգորյանը փորձում էր ներկայացնել այն աշխատանքը, որ արել են, այն սկզբունքները, որ գոյություն ունեն։ Ինձ թվում է ընդհանրապես, սա նոր տպավորություն չէ, սա նաև բանակցային փաստաթղթերին ծանոթանալուց հետո տպավորություն է, կա Նիկոլ-Ալիև ուղիղ բանակցություն ու կան արտգործնախարարությունների ու հանձնաժողովների միջև բանակցություններ։ Այս տպավորությունն ունենք, որ շատ բաներ տեղի են ունենում բանավոր պայմանավորվածությամբ, որի մասին շատ պաշտոնյաներ տեղյակ չեն լինում։ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հետ աշխատում է ուղիղ»,-ասաց Սաղաթելյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչու հայ ուժեղագույն մարզիկները չեն մասնակցում զինվորականների ըմբշամարտի աշխարհի 37-րդ առաջնությանը