«Հրապարակ». Պաշտպանության նախարարն արևմտամետ «հուժկու» ռեֆորմներ է սկսել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Բրյուսելից հետո Նիկոլ Փաշինյանը թեև չի հանդիպել ՔՊ-ական պատգամավորներին, իր տպավորությունների ու ոչ հրապարակային պայմանավորվածությունների մասին չի կիսվել նրանց հետ, քանի որ նախընտրել է շաբաթ-կիրակին ընտանիքի հետ անցկացնել, սակայն, հավանաբար, նազիր-վեզիրների միջոցով թիմին լուրեր են փոխանցվել, որ Հայաստանին տրվող ընդհանուր հաշվով մոտ 330 մլն աջակցությունը` 4 տարվա կտրվածքով, այսբերգի միայն երևացող մասն է, խորքում ևս պրոցեսներ են ընթանում, պայմանավորվածություններ են ձեռք բերվել` հատկապես պաշտպանական ոլորտում ներդրումների, աջակցությունների մասին, որոնք առանց նախապայմանների չեն լինելու։
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու լուրերով, թե ԵՄ-ում անհամբեր սպասում են իրենց, դրանով է պայմանավորված ՌԴ-ի դեմ իրենց վարած կոշտ քաղաքականությունը, սակայն բրյուսելյան հանդիպումն այլ բան ցույց տվեց, ինչից ՔՊ-ում զայրացած են։ Այդուհանդերձ, ՔՊ-ում խոսում են, որ կառավարությունը և նախևառաջ բանակը, ռուսական ազդեցության գործիչներից, զինվորականներից «մաքրելու» պայման կա Արևմուտքից, որը Փաշինյանը գուցե սկսի առաջիկա շաբաթներում իրականացնել:
Համենայնդեպս, երեկ հայտնի դարձավ, որ պաշտպանության նախարարն արևմտամետ «հուժկու» ռեֆորմներ է սկսել, որոնցից մեկը բանակի նոր կանոնադրության մեջ նախատեսվող փոփոխությունն է, որով «ուռա» բացականչությունը փոխարինում են «կեցցե» բառով, քանի որ ողջույնի «ուռա» ձևը ժառանգություն էր մնացել դեռ խորհրդային բանակից ու ասոցացվում էր ռուսական բանակի հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: