Հայկականի և մոդեռնի հետաքրքիր սինթեզ՝ Ազգային պատկերասրահում բացված ցուցահանդեսում
«Մոդեռն ոճը միջազգային խոշոր շարժում է, որն առաջացել է 19-20-րդ դարերի սահմանագծի արվեստում և գեղարվեստական սկզբունքների ընդհանրությամբ հանդերձ՝ յուրովի է դրսևորվել տարբեր երկրներում։ Ոճի էսթետիկան հիմնված է գեղեցիկի գաղափարի վրա, իսկ գլխավոր խնդիրն է՝ շրջապատող աշխարհի փոխակերպումը գեղեցկության միջոցով, որի կրողը հենց արվեստն է, կյանքը դարձել նույնքան կատարյալ, որքան արվեստն ինքն է։ Նորովի է ընկալվում նաև արվեստագետի գործունեությունը՝ նա դիտվում է իբրև գեղեցիկի արարիչ և ժամանակի ձգտումների հիմնական մեկնաբան»։ Մոդեռնի ոճն այսպես է վերլուծել այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում բացված «Մոդեռն ոճը» ցուցահանդեսի համադրող Իրինա Բաղդամյանը։
Նա համոզված է՝ արվեստի և իրական կյանքի այս միասնությունը հրատապ է նաև այսօր՝ ուղենշելով մոդեռնի նկատմամբ աճող հետաքրքրությունը և օրինակ ծառայելով ներդաշնակ կենսատարածքի ստեղծման արդի խնդիրների լուծման հարցում։
Հայաստանի ազգային պատկերասրահը բացված «Մոդեռն ոճը» ցուցահանդեսը բացահայտում է ազգային վարպետների ներդրման առանձնահատկությունները գեղագիտական այս ուղղության շրջանակում, որը հայտնի է իր գաղափարների և մտահղացումների բազմազանությամբ։ Գեղարվեստական այս դրսևորման ցայտուն վկայությունն է հայտնի վարպետներ Գեորգի Յակուլովի, Վարդգես Սուրենյանցի, Հակոբ Կոջոյանի, Հակոբ Գյուրջյանի, Մարտիրոս Սարյանի արվեստը, որոնց բարձրարժեք ստեղծագործությունները ներկայացված են ցուցահանդեսում։
Ցուցադրվում են նաև ռուսական մոդեռնի տարաբնույթ կողմերը բնորոշող նկարիչների, հիմնականում` «Միռ իսկուստվա» միավորման առաջատար վարպետների ստեղծագործություններ, ինչպես նաև տարբեր դպրոցների գրքային նկարազարդումների փայլուն նմուշներ, դեկորատիվ-կիրառական արվեստի եվրոպական այնպիսի խոշոր վարպետների գործեր, ինչպիսիք էին Ռ. Լալիկը և Է. Գալլեն։ Ցուցահանդեսն ամբողջացնում են հանրահայտ նկարիչներ Վալենտին Սերովի «Մ. Ակիմովայի դիմանկարը» և Վասիլի Կանդինսկու «Արևելյան սյուիտ» գլուխգործոցները:
«Մոդեռն ոճը Հայաստանի ազգային պատկերասրահում» ցուցահանդեսում տեղ են գտել նաև աշխատանքներ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանից:
Ըստ Իրինա Բաղդամյանի, մոդեռնը Հայաստանում ունի վառ արտահայտված յուրատիպություն, ինչի շնորհիվ այն անկրկնելի և ճանաչելի է դառնում բազմաթիվ այլ դպրոցների շարքում։ Այն թույլ է տալիս հայ նկարիչներին՝ որպես ինքնատիպ վարպետների, որոշակի տեղ զբաղեցնել «ար-նուվոյի» պատմության մեջ, նրանք զարգացրել են ոճի օրիենտալիստական ճյուղը և բացի այդ, մեծ դեր են ունեցել ժամանակակից հայ արվեստի արտահայտչալեզվի կազմավորման գործում։
Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը ցուցահանդեսի բացմանն ասաց, որ առհասարակ մոդեռն ոճն ամենաբազմակողմանի, ամենաինքնատիպ ուղղություններից է ամբողջ համաշխարհային կերպարվեստի պատմության մեջ։ Կոնկրետ Ազգային պատկերասրահի հավաքածուն՝ հայկական ու արտասահմանյան, մեծ հնարավորություն է տալիս բազմակողմանի և ամփոփ ներկայացնել մոդեռն ոճը հենց Ազգային պատկերասրահում։
«Այսօր շուրջ 120 ցուցանմուշի տեսքով ներկայացնելու ենք մոդեռն ուղղությունը, դրա բոլոր փուլերը, զարգացումը, էվոլյուցիան»,- ասաց Մ. Հակոբյանը։
Panorama.am-ի հետ զրույցում նա նշեց, որ ժամանակակից արվեստը կառուցվել է հենց մոդեռն ոճի հիմք վրա և այսօր ավելի քան ակտուալ է մոդեռն ոճի ներկայացումը։
«Մոդեռնի ոճի առանցքային հատկանիշներից է գեղեցկության ձգտումը։ Այսօր ավելի քան, կարծում եմ, բոլորս դրա կարիքն ունենք»,- ասաց Մ. Հակոբյանը։
Նա նշեց, որ հայ արվեստագետներն այդ շրջանում մեծամասմաբ ուսումնառել են եվրոպական տարբեր երկրներում և, բնականաբար, ազդեցությունից զերծ չէին կարող մնալ, բայց հայկական կերպարվեստի դեպքում դա պարզապես ազդեցություն չէ. «Հետաքրքիր սինթեզ է՝ հայկականի, մեր ազգային դպրոցի և մոդեռն ոճի։ Արևմտաեվրոպական նվաճումները մեզ մոտ մշտապես համադրվել են ազգայինի հետ՝ ստեղծելով շատ ինքնատիպ կերպարվեստ»։
Գեղանկարիչ, արվեստաբան Արա Հայթայանի խոսքով, որ հայ նկարիչները միշտ անպայման իրենց ինչ-որ մի կնիքը՝ մոտեցման, գույնի, կոմպոզիցիոն առումով փորձում էին տեղայնացնել. «Մոդեռնի տեղայնացնելը շատ բնորոշ է մեր նկարիչներին, ինչն այստեղ տեսնում ենք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան