Ռազմական փորձագետ. Այս իրավիճակում «ուռա»-ն «կեցցե»-ով փոխարինելը լավ բանի մասին չի վկայում
Զինված ուժերում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք առաջնահերթ լուծման կարիք ունեն, այդ համատեքստում «ուռա» արձագանքը «կեցցե»-ով փոխարինելը, մեղմ ասած, լավ բանի մասին չի վկայում։ Panorama.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանը՝ արձագանքելով ՊՆ-ի կողմից հաստատած տեղեկատվությանը։
Ըստ այդմ, նոր կանոնադրությամբ նախատեսվում է «ուռա»-ն փոխարինել «կեցցե» այն իրավիճակներում, երբ հրամանատարը շնորհավորում է անձնակազմին։
Փորձագետի տեղեկություններով, արդեն մի քանի ամիս ԶՈւ-ում հենց այսպես են ողջունում իրար, սակայն հստակ չի կարող ասել, թե փոփոխությունն ի՞նչ խնդիր է լուծում, ո՞րն է դրա նպատակը, դրա տրամաբանական հիմնավորում էլ գերատեսչությունների կողմից չի լսել։
«Հիմա մենք բարդ խնդիրներ ունենք բանակում, որոնք պետք է լուծում ստանան։ Երբ դրանք լուծելու փոխարեն նման խնդիրներն են առաջին պլան բերվում, լավ բանի մասին չի վկայում։ Այս ամենի անունը դնել բարեփոխում, ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»,-ասաց նա։
Արցախյան երրորդ պատերազմից, 2022-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հարձակումից, 2023-ին Ադրբեջանի կողմից Արցախի վրա հարձակման ու դրա հետևանքով Արցախում էթնիկ զտումների իրականացումից հետո շատ փորձագետներ բարձրաձայնում են, կարևորում զինված ուժերում բարեփոխումների իրականացման, սպառազինության անհրաժեշտությունը։
Վ. Մանգասարյանի խոսքով, վերջին տարիների հիմնական պրովլեմն այն է, որ խնդիրները՝ ըստ առաջնահերթության դասակարգումը սխալ է կատարվում։
«Երբ մենք խնդիրներն ըստ առաջնահերթությունների դասավորեինք ու փորձեինք սկզբից լուծել ամենակարևոր խնդիրները, նոր մտածեինք մյուսների մասին, ապա այսօր իրավիճակն այլ կլիներ։ Իրականում բարդ խնդիրները ներկա պահին շատ են։ Դրանք լուծելը պետության, համապատասխան կառույցների գործն է, ոչ թե փորձագիտական կամ լրագրողական կամ հասարակության այլ շրջանակների։ Կոմպետետ մարդիկ պետք է այդ գործով զբաղվեն, մեր հիմնական խնդիրն այստեղ է։ Այդ խնդրի հետևանքով այսօր ունենում ենք «կեցցե»-ի տարօրինակ փոփոխության տրամաբանությամբ գործողություններ։ Իսկ թե ի՞նչ պետք է անել, դա չափազանց բարդ խնդիր է։ Բայց այս իրավիճակի համար ես առաջարկում եմ, եթե չեն կարողանում հասկանալ, ինչ պետք է անել, ապա պետք է առաջնորդվեն՝ ինչ չպետք է անել սկզբունքով։ Մեր իշխանությունների հայտարարությունների գերակշիռ մասը մեզ ուժեղացնելու փոխարեն թուլացնում է։ Եթե կան խնդիրներ, որոնք օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չենք կարողանում լուծել, ապա գոնե չպետք է անեն հայտարարություններ, որոնք կվնասեն հենց մեզ»,-ասաց նա։