Աննա Հակոբյանի նախաձեռնած ընթրիքին մասնակցության 35 հայտ է ստացվել, բայց հույս ունեն՝ հայտերը կավելանան
Ապրիլի 9-ի դրությամբ «Իմ քայլը» հիմնադրամի նախաձեռնած «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» բարեգործական ընթրիքին մասնակցության 35 հայտ է ստացվել։ Այս մասին Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել է Հիմնադրամի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել տոմս, որի արժեքը 1 մլն դրամ է։
Panorama.am-ի հարցերին՝ բարեգործական ընթրիքին մասնակցության քանի՞ հայտ է ընդունվել, խնդրում ենք տրամադրել մասնակցության ցանկություն հայտնած կին գործարարների ցանկը, ինչպես նաև սկսնակ գործարարների ցանկը, ինչպե՞ս եք գնահատում մասնակցությունը, Դավիթ Մկրտչյանը տվել է հետևյալ պատասխանները.
«Տեղեկացնում ենք, որ ապրիլի 9-ի դրությամբ բարեգործական ընթրիքին մասնակցության 35 հայտ ենք ստացել, ինչը նշանակում է, որ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող առնվազն 35 սկսնակ կին գործարարներ առաջիկայում կստանան 1-ական մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն բիզնեսը զարգացնելու նպատակով:
Հայտերի ժամկետի ընդունման ավարտից հետո Հիմնադրամը կամփոփի վերջնական արդյունքները և հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ, իսկ սկսնակ գործարարները դրամաշնորհի համար կարող են դիմել մինչև ապրիլի 30-ը, որից հետո կամփոփվեն արդյունքները, կընտրվեն հաղթողները և կհրապարակվեն դրամաշնորհ շահած կին գործարարների ցանկը:
Մասնակցության դինամիկան գնահատում ենք դրական, սակայն հույս ունենք վերջին 1-2 օրվա ընթացքում ստանալ ևս մի քանի հայտ: Դա թույլ կտա մեզ ՀՀ մարզերում գործունեություն ծավալող ավելի մեծ թվով սկսնակ կին գործարարների աջակցություն տրամադրել, եթե բարեգործական ընթրիքին մասնակցի 40 հոգի, ապա 40 սկսնակ կին գործարար կստանա դրամաշնորհ, 45 հոգի մասնակցելու դեպքում արդեն 45-ը կստանա դրամաշնորհ, այնպես որ հույս ունենք՝ առաջիկա օրերին ընթրիքին մասնակցության հայտերը կավելանան:
Օգտվելով հնարավորությունից՝ կցանկանայի ևս մեկ անգամ տեղեկացնել, որ դրամաշնորհի համար կարող են դիմել բացառապես ՀՀ մարզերում գործունեություն ծավալող և իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կին գործարարները»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» հիմնադրամը հաղորդագրություն էր տարածել, որ նախաձեռնում է բարեգործական ընթրիք՝ «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» խորագրով։ Ընթրիքին մասնակցելու համար անհրաժեշտ է գնել տոմս, որի արժեքը 1 մլն դրամ է։
Նշենք, որ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրենն է Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը։
Հարակից հրապարակումներ`
- Աննա Հակոբյանի նախաձեռնած 1 մլն դրամ տոմսի արժեքով ընթրիքին արդեն 30 հոգի մասնակցության պատրաստակամություն է հայտնել
- Աննա Հակոբյանի կազմակերպած բարեգործական ընթրիքի տոմսերը՝ 1 մլն դրամ