Աշոտյանի գործ. Դատարանը գտնում է, որ պետությանը վնաս չի պատճառվել
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստում դատավոր Վահե Դոլմազյանը հայտարարեց՝ դատարանը ստացել է պետությանը պատճառած վնասի հատուցման մասին հայցադիմում, այն թվագրված է ապրիլի 8-ին։ Մինչ այդ դատարանը չէր ընդունել դիմումը՝ առաջարկելով վերացնել դրանում առկա թերությունները։
Քննարկվելու է գույքային պատասխանող ճանաչվելու հարցը։
Պաշտպան Տիգրան Աթանեսյանը տեղեկացրեց՝ ինքը դատարանից հայցադիմումը չի ստացել։
Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանն առաջարկեց հարցը քննարկել ավելի ուշ ու ազատ ռեժիմով, քանի որ չեն ստացել հայցադիմումը, բացի այդ, լրանում է Աշոտյանի կալանքի ժամկետը, ունեն ծավալուն միջնորդություններ, քանի որ ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները ողջ կազմով պատրաստակամություն են հայտնել երաշխավորություն ներկայացնելու։
«Դատարանը հայցի հիմնավորվածության հարց չի քննարկելու, քննարկվելու է արդյոք հայցը համապատասխանո՞ւմ է Քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին, թե՞ ոչ»,-արձագանքեց դատավորը՝ առաջարկելով դատական նիստ նշանակել նաև վաղը։
Պաշտպաններն ասացին՝ մի քանի դտական նիստ ունեն նշանակված վաղվա ընթացքում։․
Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ առաջարկեց միանգամից անցնել Աշոտյանի խափանման միջոցի քննարկմանը։
«Մենք մեր օրինակը չենք ստացել։ Եկեք դա թողնենք հաջորդ նիստին, որպեսզի լիարժեք քննարկենք այդ հարցը։ Հիմա եկեք անցնենք Աշոտյանի խափանման միջոցի քննարկմնաը, կարծում եմ՝ ավելի ճիշտ կլինի ակդպես կազմակերպել»,-ասաց Աթանեսյանը։
Սակայն հանրային մեղադրողը սկսեց ընթերցել փոփոխված հայցադիմումը։
Լսելով հանրային մեղադրողին՝ դատավորը հայտարարեց, դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում պետությանը վնաս չի պատճառվել, հետևաբար նման հայց չի կարող ներկայացվել, ինչպես նաև պահանջ մեղադրյաին գույքային պատասխանող նշանակելու մասին։