Սոպրանո Մարիա Սարդարյանը հաղթել է Տիրանայի միջազգային մրցույթում
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում անցկացվել է Մարիե Կրայա 20-րդ օպերային միջազգային մրցույթը, որին մասնակցել են 250 երգիչ-երգչուհիներ, և միայն 16-ն են անցել կիսաեզրափակիչ։
orer.eu-ի հաղորդմամբ, եզրափակիչ փուլ անցած ութ երգիչներից առաջին մրցանակին է արժանացել միլանաբնակ սոպրանո Մարիա Սարդարյանը, ով իր ելույթով գերել է ոչ միայն ժյուրիի անդամներին, այլև հանդիսատեսին։ Ներկաները հիացել են Մոցարտի «Կախարդական սրինգ» օպերայից Գիշերային թագուհու արիայի կատարումով, որը Մարիայի ամենասիրելի արիաներից մեկն է։
Մրցույթը տևել է 3 օր, և հեռարձակվել է Ալբանիայի հանրային 1-ին հեռուստաալիքով։
ՕՐԵՐ-ի հետ զրույցում Մարիան անկեղծորեն խոստովանել է.«Ես չէի գնացել հաղթելու համար, այլ ուզում էի միայն մասնակցել, որովհետև ժյուրիի կազմում էին եվրոպական կարևոր թատրոնների գեղարվեստական տնօրենները։ Արդյունքում գրավեցի առաջին հորիզոնականը և որոշ թատրոնների ղեկավարներից գալիք երկու տարիների համար ելույթների հրավերներ ստացա»։
«Իմ փորձից ելնելով, կարող եմ ասել, որ այս հաղթանակն ամենատպավորիչն է եղել իմ կյանքում»,- ասել է Մարիա Սարդարյանը։
Մարիան ընդունվել և 2014թ ավարտել է Երևանի Կոմիտասի կոնսերվատորիան, այնուհետև ուսանել է Իտալիայի Օզիմոյի Երգի ակադեմիայում, ապա մասնագիտացել է Նեապոլի Սան Կառլո ակադեմիայում։ Նա բնակվում է Միլանում և մշտապես ելույթներ է ուենում իտալական տարբեր օպերաներում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան