Արարատ Միրզոյանը մեկնաբանեց՝ որքանով է վախեցած
«Այն բակում, որտեղ մեծացել եմ, քո դիմաց չարտահայտվող, բայց հետևից հոխորտացող մարդկանց շատ կոնկրետ քաղաքական գնահատական էին տալիս։ Ձեռնպահ կմնամ այդ գնահատականը հնչեցնելուց, քանի որ հարիր չեմ համարում խորհրդարանին»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հարցին, թե երեկվա փակ հանդիպումից հետո ընդդիմադիր պատգամավորներից մեկն ասել է, որ «դուք շատ վախեցած էիք ու դրա վրա կառուցել է իր ամբողջ հարցազրույցը»։
Միրզոյանն ասաց, որ ընդդիմադիրներն իրեն շնորհակալություն էին հայտնում, բայց չէին ասում՝ վախեցած է։
«Ես ուրիշ դրվագ եմ հիշում և ուրիշ կերպ։ Երբ ես խոսում էի ու պատասխանում ընդդիմադիրների հարցերին, նրանք նեղսրտում էին, որ ես մունաթ եմ գալիս իրենց վրա, մեղադրական տոնով եմ խոսում, բայց ոչ մի կերպ չեմ հիշում, որ որևէ մեկն ասեր՝ այս ինչ վախեցած եք խոսում պարոն Միրզոյան»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով, երեկ օգտվելով այն հնարավորությունից, որ նիստը փակ էր և այն, ինչ կասվի իր կողմից, հասանելի կլինի միայն Հայաստանի քաղաքական դաշտին, մասնավորապես խորհրդարանական ընդդիմության, չի հասնի այլ մայրաքաղաքներ, փորձել է ռացիոնալ բացատրություն տալ, ռացիոնալ երկխոսություն ծավալել նրանց հետ։
«Բացատրում էի, որ Հայաստանը բանակցություններում, այդ թվում և սահմանազատման վերաբերյալ բանակցություններում, կարող է առաջնորդվել կամ հենվել միայն լեգիտիմության հիմքերի վրա։ Մենք կարող են խոսել, պահանջել, հիմնավորել այն, ինչ-որ իրավականորեն ամուր է, մենք չենք կարող մեզ թույլ տալ և մեզ պետք էլ չի հիմնավորել բաներ, որոնց իրավական հիմքերը մենք չունենք։
Նիստից հետո այդ հոխորտանքներն առնվազն անիմաստ եմ համարում»,- ասաց Միրզոյանը։
Հիշեցնենք, որ NEWS.am-ի հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասել էր. «Ուղղակի քաղաքացին պետք է երեկ լսեր Արարատ Միրզոյանին։ Անհավասարակշիռ, վախեցած։
Մարդն այնքան վախեցած է, որ ասում է, բառացի եմ ասում՝ պատկերացնում եք Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովի նախագահի ներկայությամբ Մհեր Գրիգորյանը նստի և ասի, որ այդ տարածքները հետ չենք տալու։ Ասում է՝ հանձնաժողովի ադրբեջանցի նախագահը կհանի և ատրճանակով կկրակի Մհեր Գրիգորյանի վրա, եթե մոտն էլ ատրճանակ չլինի, ադրբեջանցի զինվորները կկրակեն մեր զինվորների վրա։
Այդ մարդը կարո՞ղ է բանակցի։ Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է բանակցի, որ առավոտից գիշեր բայղուշի նման հայ ժողովրդին սպառնում է։ Կարո՞ղ է բանակցի։ Գլուխը ծռած, վիզը ծռած Ադրբեջանի, Թուրքիայի, մյուսի ներկայությամբ կանգնած մարդը կարո՞ղ է բանակցի։ Ամեն քայլափոխի սուտ խոսող, ամեն րոպե ձեռքով թիկունքը քորող մարդը կարո՞ղ է բանակցի»։
Հարակից հրապարակումներ`
- Որևէ որոշում չկա, բայց Փաշինյանն Ադրբեջանի դեսպանի պարտականությունները ստանձնած՝ հայ ժողովրդին ամեն օր սպառնում է. Մանուկյան
- Ալեն Սիմոնյանը սահմանազատման վերաբերյալ փակ նիստից դուրս հրավիրեց Սեյրան Օհանյանին և այլ ընդդիմադիրների
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան