Հայեցակարգի մեջ կան ընդհանուր բնույթի խնդրահարույց կետեր, և այս խառն իրավիճակը, որն ստեղծվում է գուցե արհեստականորեն և հատուկ. Բոբոխյան
Ակադեմիական քաղաքի հայեցակարգով նախատեսվում է ստեղծել 6 կլաստեր՝ դասական, բժշկական, տեխնոլոգիական, կրթական, արվեստների և սպայական, որոնցում միավորվելու են ԲՈՒՀ-երն ու գիտահետազոտական ինստիտուտները և կենտրոնները։
Հումանիտար գիտությունների բնագավառում երկու կլաստերների մասին է խոսվում, մեկը՝ արվեստի, մյուսը՝ դասական։ ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ հայտնվել է արվեստի կլաստերի մեջ, ինչը, ինստիտուտի տնօրեն Արսեն Բոբոխյանի գնահատմամբ, անտրամաբանական է։
Օրերս ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում Արսեն Բոբոխյանն իր ելույթում ասել է․ «Ինչպես ակադեմիայի նախագահությունը, այնպես էլ ինստիտուտների տնօրեններս, մենք գտնվում ենք բարդ իրավիճակում։ Այժմ գնում է մի գործընթաց, երբ ինստիտուտների տնօրեններին կամ ներկայացուցիչներին կանչում են գիտության կոմիտե և որոշակի կլաստերների շուրջ քննարկումներ են կազմակերպվում։ Այս տեսանկյունից չափազանց կարևոր է ակադեմիայի միասնական կարծիք ձևավորելը։ Մենք պատրաստ ենք հետևել այդ կարծիքին, որովհետև շատ բարձր ենք գնահատում Գիտությունների ազգային ակադեմիան, որն ունի ոչ միայն երկար տարիների պատմություն, այլև շատ մեծ և կարևոր դեր է խաղում այսօր Հայաստանի, տարածաշրջանի և համաշխարհային գիտության համատեքստում։
Մեր ինստիտուտի օրինակը կարող եմ բերել՝ ցույց տալու համար ինտեգրացիայի մակարդակը։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտն այսօր համագործակցում է բազմաթիվ ԲՈՒՀ-երի հետ։ Ես դասավանդում եմ 2 ԲՈՒՀ-ում, մեր ինստիտուտի ավելի քան 30 աշխատակից դասավանդում է տարբեր ԲՈՒՀ-երում։ Ավելին, ԵՊՀ-ում Հնագիտության և ազգագրության ամբիոնում ունենք 20 աշխատակից, որից 18-ը մեր ինստիտուտի ներկայացուցիչներ են։ Սրանից ավելի բարձր ինտեգրացիա մենք ինչպե՞ս կարող ենք պատկերացնել։ Այս համատեքստում ինձ համար ամենամեծ խնդիրն այն է, որ բացակայում է հստակությունը։
Հումանիտար գիտությունների բնագավառում երկու կլաստերների մասին է խոսվում, մեկը՝ արվեստի, մյուսը՝ դասական։ Մեր ինստիտուտը հայտնվել է արվեստի կլաստերի մեջ, ինչը մի կողմից անտրամաբանական է, մյուս կողմից, եթե հաշվի առնենք մեր ինստիտուտի մշակութային առանձնահատկությունները, կարելի էր մտածել՝ արվեստ և մշակույթ, բայց մյուս կողմից մենք ձգտում ենք դասական կլաստերին, որն ավելի մոտ է համալսարանին։ Հայեցակարգի մեջ կան ընդհանուր բնույթի խնդրահարույց կետեր, և այս խառն իրավիճակը, որն ստեղծվում է գուցե արհեստականորեն և գուցե հատուկ, կարող է կանխվել, եթե ակադեմիան ունենա միասնական մոտեցում խնդիրների նկատմամբ։
Եթե կա միասնական մոտեցում, մենք կարող ենք միասին առաջ գնալ, իսկ եթե չկա այդ մոտեցումը, մենք պետք է իրատեսորեն նայենք, որպեսզի ամեն ինստիտուտ կարողանա իր ձևով իր խնդիրները լուծել։ Անձամբ ես կողմ եմ միասնական մոտեցմանը և հույս ունեմ, որ բարեփոխումների միջոցով մեզ կհաջողվի ստեղծել միասնական, շատ կուռ և այսօրվա համաշխարհային գիտությանը հարիր մի միջավայր, որը կշարունակի աշխատել երկար տարիներ»։
Հարակից հրապարակումներ`
- Աշխարհում բարձր կարծիքի են հայկական գիտության, ԳԱԱ մասին, հարգալից վերաբերմունք բոլոր պետություններում, բացի մեկ պետությունից. ԳԱԱ նախագահ
- Սարքեք, ես դեմ չեմ, ձեր ակադեմիական քաղաքը
- Կոնսերվատորիայի ռեկտոր. Ինչպե՞ս բացատրել ոլորտից հեռու մարդկանց, չգիտեմ, քանի որ ակադեմիական երաժշտությունն իր օրենքներն ու բանաձևերն ունի
- Իսաբեկյան. Գեղարվեստի ակադեմիան արժանի չի այս վերաբերմունքին
- Արայիկ Մանուկյան. Կարո՞ղ եք, Երևանին վերադարձրեք ակադեմիական քաղաքի իր էությունը
- Քննարկվել է «Ակադեմիական քաղաք»-ի նախագիծը
- «Ակադեմիական քաղաք»-ի հիմնական հայեցակարգը պատրաստ կլինի մինչև այս տարվա երկրորդ կիսամյակ
- «Ակադեմիական քաղաքի» հատակագիծը պատրաստ կլինի 2024-ին
- Կառավարությունը 87. 6 մլն դրամ հատկացրեց Ակադեմիական քաղաքի նախագծման կանխավճարի համար