Կրեմլում հույս ունեն, որ Պուտինն ու Փաշինյանը անձամբ կքննարկեն երկկողմ հարաբերությունները
Կրեմլը հուսով է, որ տեսանելի ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը հնարավորություն կունենան անձամբ քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերը։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, թե «ՌԴ հետ մեր հարաբերություններում ոչ մի սխալ քայլ չենք արել, չկա մի տեղ, որտեղ մեր գործընկերները մեզ կարող են մեղադրել մեր պարտավարությունները չկատարելու մեջ։ Հակառակ դեպքերը, ցավոք բազմաթիվ են», Դմիտրի Պեսկովն ասել է. «Հուսով ենք, որ տեսանելի ապագայում հնարավորություն կլինի նախագահներն անձամբ քննարկեն նման հարցեր, եթե դրանք լինեն օրակարգում»։
«Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, մեր դաշնակիցն է։ Երկիր, որի հետ մեզ միավորում են բազմաթիվ ինտեգրացիոն ֆորմատներ (օրինակ՝ ԵԱՏՄ, ԱՊՀ և այլն) և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները, հումանիտար հարաբերությունները, որոնց կարևորությունը դժվար է գերագնահատել։ Հույս ունենք, որ նախագահները հնարավորություն կունենան այդ ամենը քննարկել ամենաբարձր մակարդակով»,- նշել է Կրեմլի ներկայացուցիչը։
Նա ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև երկխոսությունը շարունակվում է աշխատանքային մակարդակով։
«Մենք ելնում ենք նրանից, որ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր բարդ կողմերը, որոնք ի հայտ են եկել վերջերս, կլուծվեն նման երկխոսության շրջանակներում», - լրագրողներին ասել է Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
- Մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ. Փաշինյան
- Պեսկով. ՌԴ-ն կգնահատի Հայաստանի, ԵՄ-ի և ԱՄՆ-ի բանակցությունները պաշտոնական հայտարարություններից հետո
- «Իրոք, ուզում եմ ծաղրել». Զախարովան՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին
- Զախարովա. Բայց պաշտոնական Երևանն ասաց, որ այս ամենը Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի պատճառով է
- ԵԱՏՄ-ում խնդիրներ են առաջանում, երբ մենք խոսում ենք նման սերտ փոխգործակցության մասին. Պեսկով
- Պեսկով. Ռուսաստանում ավելի շատ հայեր են ապրում, քան հենց Հայաստանում