Պատշաճ պիտի լիներ՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդն անդրադառնար Ադրբեջանի ռևանշիստական քաղաքականությանը․ Մայր Աթոռ
Մայր Աթոռից արձագանքել են Panorama.am-ի հարցմանը՝ կապված Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի այսօրվա հայտարարության հետ:
«Արցախյան հակամարտության պատմության ողջ ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ Հայ Եկեղեցու մնայուն հորդոր-պահանջը Ադրբեջանից եղել է և շարունակում է մնալ՝ հարգել սեփական պատմական հայրենիքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրացված արդար իրավունքը։ Շեյխ ուլ Իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն հավանաբար Հայ Եկեղեցու այս կեցվածքն է թյուրիմացաբար բնութագրում որպես ռևանշիզմ։
Հայ Եկեղեցու հասցեին նման մեղադրանքներ հնչեցնելու փոխարեն պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդն անդրադառնար Ադրբեջանի ռեւանշիստական քաղաքականությանը եւ տարիներ շարունակ Արցախի ու Հայաստանի նկատմամբ կիրառված ագրեսիային, 2020թ․ սանձազերծած պատերազմին, Արցախի բռնազավթմանն ու հայաթափմանը, Հայաստանի ինքնիշխան տարածքների բռնազավթմանը, հայ ռազմագերիներին ապօրինաբար պահելուն, պետական մակարդակով իրականացվող հայատյացության լայնամասշտաբ քարոզչությանը եւ հայկական պատմական հոգեւոր-մշակութային ժառանգության ոչնչացման ու յուրացման փաստագրված դեպքերին։
Պատշաճ պիտի լիներ, որ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը, ունկնդիր լինելով Հայ Եկեղեցու կոչերին, իր հոգեւոր հեղինակությամբ համապատասխան քայլեր ձեռնարկեր՝ կասեցնելու ցեղասպան գործողություններն ու հրեշավոր բարբարոսությունները եւ նպաստելու տարածաշրջանում իրական խաղաղության հաստատմանը»,- Panorama.am-ին հայտնել են Մայր Աթոռից։
Ալահշուքյուր Փաշազադեն, մասնավորապես, ասել է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը «արժանի չէ, որ ես նրան հրավիրեմ Բաքու»: Նա պնդել է, որ «այսօր Հայկական եկեղեցին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, ռեւանշիզմ է քարոզում ողջ աշխարհում։
Հարակից հրապարակումներ`
- Փաշազադեն ասել է, թե որ դեպքում Գարեգին Երկրորդին կհրավիրեն Բաքու հոգևոր առաջնորդների հանդիպմանը
- Փաշազադեն «Իսլամական պետության» ստեղծման հետևում տեսնում է Արևմուտքին. արաբագետի մեկնաբանությունները
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա