Այսօր դժվար է հետաքրքրել մանուկ հանդիսատեսին, ինչը Վանաձորի Աբելյանի անվան թատրոնին հաջողվել է
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ, ըստ Բրեդ Բյորդի սցենարի, «Ռատատույ» ներկայացման պրեմիերան, որն արժանացավ կրտսեր ու մեծահասակ հանդիսատեսի հրաշալի ընդունելությանը։ Ներկայացման ռեժիսորը Ժիրայր Գաբրիելյանն է, բեմականացման հեղինակները՝ Արմինե Բոյաջյանը և Նարեկ Մանուչարյանը,
Ներկայացումը պատմում է երիտասարդ առնետ Ռեմիի մասին․ նա ֆրանսիական խոհանոցի մեծ սիրահար է, իր երազանքներին հասնելու համար անցնում է բազմաթիվ ու բազմապիսի փորձությունների միջով, մինչև որ կարողանում է դառնալ հայտնի խոհարար․․․․
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Էդգար Բարսեղյանը, ով «Ռատատույ» ներկայացման մեջ մարմնավորում է Ռեմիի կերպարը, Panorama.am-ի հետ զրույցում առնետ Ռեմիի մասին պատմեց. «Երազկոտ, մաքրասեր առնետ, ով ծնված օրից անհաշտ է իր ապրելակերպի հետ, քանի որ չի սիրել և չի սիրում սնվել աղբանոցից։ Անկեղծ, նաև միամիտ առնետ է, մտածում է, որ մարդկանց աշխարհում այլ կերպ է, որ նրանք ունեն մաքուր ուտելիք ու տաք տեղ։ Նրան թվում է, թե դրանով ամեն բան ասված է, բայց չգիտի, թե ինչու են մարդիկ իրար առնետ անվանում, որովհետև նրանք` մարդիկ էլ են գողանում, ի տարբերություն առնետների ոչ թե ուտելիք, այլ ավելի կարևոր բաներ, ունեցվածք և այլն։
Ռեմին ուզում է իր փոքրիկ ներդրմամբ փոխել աշխարհը գոնե մի փոքր դեպի լավը, և դա նրա մոտ ստացվում է, արդարությունը հաղթում է»։
Ռեժիսոր Ժիրայր Գաբրիելյանն ասաց, որ ներկայացումը ստեղծվել է մեծ թիմի միասնական աշխատանքի արդյունքում, որտեղ ոչ ոք չի խնայել իր ժամանակը գեղեցիկ և հետաքրքիր ներկայացում ունենալու համար։
«Ներկայացումը գունեղ ու հետաքրքիր լինելուց բացի, իր մեջ շատ կարևոր մեսիջներ է պարունակում, որոնք արդիական են, և երեխաները բացի հետաքրքիր ու հաճելի ժամանցից, նաև իրենց հետ տուն կտանեն կարևոր գաղափարներ»,- նշեց ռեժիսորը։
Նա ասաց, որ ամբողջ ներկայացումը հագեցած է գեղեցիկ ու հետաքրքիր տեխնիկական հնարքներով, որոնք զարմանք են առաջացնում հանդիսատեսի մոտ։
«Այսօր շատ դժվար է հետաքրքրել մանուկ հանդիսատեսին, ինչը մեր մոտ, կարելի է ասել, ստացվել է։
Երեխաների արձագանքը ոգևորող և պարտավորեցնող է»,- նշեց Ժ.Գաբրիելյանը։
Ներկայացման մեջ զբաղված են թատրոնի երիտասարդ դերասանները, աշակերտներ և ուսանողներ հանրակրթական դպրոցներից և կրթական այլ հաստատություններից։
Դերասանական ու ստեղծագործական խմբին հաջողվել է ստանալ գունեղ ու հետաքրքիր ներկայացում, որը երկար է մնալու Վանաձորի թատրոնի խաղացանկում և հիացնելու է թե՛ կրտսեր, թե՛ մեծահասակ հանդիսատեսին։
«Բեմադրության մեջ հետաքրքիր է ներկայացված գաղափարը, թե մարդիկ էլ, առնետներն էլ տարբեր են լինում․․․Տարբեր են լինում նաև երազանքին հասնելու ճանապարհները․․․․
Արտահայտված կարծիքների մեջ ամենահետաքրքիրը թերևս այն էր, որ ներկայացումը սիրել տվեց առնետներին և մտածել տվեց մարդ-առնետների մասին»,- նշում են թատրոնից։
։
Հարակից հրապարակումներ`
- Պրեմիերա՝ Վանաձորի Աբելյանի անվան թատրոնում
- Հույսի ու հավատի մասին. «Ոստրեն ու Մարգարիտը»՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի բեմում
- Վանաձորի Աբելյանի անվան թատրոնը կմասնակցի «Abish Alemi» միջազգային փառատոնին
- «Աբգար դպիր Թոխատեցի»-ն` Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի բեմին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան