Ոչնչացնելով կանաչ գոտիները՝ հրաժարվում ենք էկոհամակարգային ծառայություններից, պարզ ասաց՝ ահագին փող վառում ենք․ Կարեն Աղաբաբյան
«Ոչնչացնելով կանաչ գոտիները՝ հրաժարվում ենք էկոհամակարգային ծառայություններից։ Ավելի պարզ ասաց՝ ահագին փող վառում ենք»,- այս մասին Երևանի քաղաքապետարանում ընթացող «Փրկենք Երևանի ծառերը» թեմայով քննարկման ընթացքում ասաց կենսաբազմազանության մասնագետ, թռչնաբան Կարեն Աղաբաբյանը։
Մասնագետը մանրամասնեց, որ քաղաքը բավականին հետաքրքիր միջավայր է կենսաբազմազանության տեսանկյունից։ Երևանում կան բնադրող առնվազն 60 տեսակի թռչուն, իսկ, եթե հաշվի առնենք նաև չուի ժամանակաշրջանը, ապա ՝ 100-ից ավելի թռչնի տեսակ։
«Այս կանաչ գոտիները հանդիսանում են իրենց համար և՛ բնադրավայր, և՛ հանգստի վայր՝ չվող տեղակի համար։ Երբ մենք կրճատում ենք կանաչ գոտիները, կրճատում ենք նաև մեզ օգնողների թիվը։ Կա մի փոքրիկ թռչնակ, որը կոչվում է մեծ երաշտահավ, տարածված է քաղաքում, գրեթե ամեն տեղ, որտեղ կան ծառեր։ Բնադրում է ծառերի փչակներում և մեծ դեր է խաղում միջատներից մաքրման գործում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ մեկ զույգ մեծ երաշտահավ մաքրում է միջատներից մոտ 40 ծառ։ Մենք ոչնչացնելով ծառերը ոչնչացնում ենք նաև այդ տեսակների միջավայրը։ Բացի դրանից, քաղաքում կան բնադրող կարմիրգրքյան տեսակներ, որոնց մենք կրկին հաշվի չենք առել»,- ասաց Աղաբաբյանը։
Մասնագետը շեշտում է այս մոտեցմամբ՝ ոչնչացվում է էկոհամակարգային ծառայությունները , որոնք մատուցում են կանաչ գոտիները՝ սկսած թթվածնից, ստվերից, վերջացրած միջատների դեմ պայքարից։
«Մենք ռիսկեր ենք ստեղծում կարմիրգրքյան տեսակների համար, որոնց մեր օրենսդրությամբ պարտավոր ենք պահպանելու»,- շեշտեց նա։