ՔՊ-ի նվիրատուները, Ավինյանի քարոզարշավը, ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ իշխանության կասկածելի գործողությունները՝ Freedom House-ի ուշադրության կենտրոնում
Երևանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ընթացքում տեղական դիտորդները և անկախ լրատվամիջոցները նկատել են վարչական ռեսուրսների համատարած չարաշահման դեպքեր՝ իշխող կուսակցության օգտին։ Նման արձանագրում է արել հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունն անցումային երկրների մասին հրապարակած զեկույցում։
Որպես օրինակ նշվում է քարոզարշավին թաղապետերի և նրանց տեղակալների ներգրավվածությունը կասկածելի իրավական հիմքերով, քարոզարշավի ընթացքում հանրային ֆինանսավորմամբ բարեկարգման զգալի ծավալով ծրագրերի իրականացումը, որը դիտվել է որպես ընտրողների վրա ազդելու փորձեր։
Նշվում է նաև տարբեր, այդ թվում կրթական հաստատությունների աշխատակիցների կազմակերպված մասնակցությունը Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից անցկացված հանրահավաքներին, համայնքային ծախսերի աննախադեպ աճը տոնական տարբեր միջոցառումների իրականացման համար, ինչպես նաև իշխող ուժի թեկնածուի մասնակցությունն այդ միջոցառումներին։
«Հայաստանի ներքաղաքական կյանքում Երևանի ավագանու ընտրությունները 2023-ի գլխավոր իրադարձությունն էին և կարող էին դիտվել որպես վստահության միջանկյալ փորձություն 2021-ին կայացած ու 2026-ին սպասվող համապետական ընտրությունների միջև։ Ինչպես հայտնի է, ընդդիմությունը Երևանում ավելի ուժեղ է։ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռևս կարողացել է ավելի շատ ձայներ հավաքել, քան մասնակից որևէ այլ կուսակցություն, սակայն ստացած քվեները շատ հեռու էին քաղաքապետ նշանակելու համար անհրաժեշտ շեմից»,-ասված է զեկույցում։
Զեկույցի հեղինակներն արձանագրել են իշխող ուժի գործողությունները տարբեր համայնքների ավագանիների ընտրություններում հաղթած ընդդիմադիր գործիչների նկատմամբ։
««Քաղաքացիական պայմանագիրը» նաև իր քաղաքական մկանները զարգացրեց փոքր համայնքների ավագանիներում, որտեղ մի քանի դեպքերում շարունակեց կասկածելի մարտավարությամբ ընդդիմադիր քաղաքապետերին իմպիչմենտի ենթարկելու իր պրակտիկան»,-նշում են զեկույցի հեղինակներն ու արձանագրում, որ ՏԻՄ ընտրությունները նշանավորվել են նաև իշխող կուսակցության կողմից աննախադեպ մասշտաբի վարչական ռեսուրսի չարաշահմամբ՝ թավշյա հեղափոխությունից ի վեր։
«Թեև հեղափոխության ամենաշատ ազդարարված ձեռքբերումներից մեկը եղել է քաղաքականության տարանջատումը խոշոր բիզնեսից և օլիգարխներից, սակայն 2023 թվականն այդ ուղղությամբ ցույց տվեց հետընթացի մտահոգիչ միտումներ»,-նշում են զեկույցի հեղինակներն ու վկայակոչում «Ինֆոքոմ»-ի ու «Սիվիլնեթ»-ի հետաքննական նյութերը, որոնք լույս են սփռում ՔՊ ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ թափանցիկության բացակայության վրա։
Ըստ հրապարակումների, նվիրատվություն կատարած մարդիկ տեղյակ չեն եղել իրենց անունից կատարված նվիրատվությունից կամ նվիրաբերել են ավելի մեծ գումար, քան իրենց եկամուտն է։
Freedom House-ն ուշադրություն է հրավիրում այն հրապարակումներին, որոնք բացահայտել են որոշակի համընկնումներ դոնորների և պետական մրցույթներում հաղթող խոշոր բիզնեսների միջև:
«ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Հայէկոնոմբանկ»-ը նույնպես եղել է նվիրատուների ցանկում։ Դատախազությունը, հավատարմություն հայտնելով իշխող կուսակցության հետ, մերժել է հաղորդումները»,-նշում է իրավապաշտպան կազմակերպությունը։
Հարակից հրապարակումներ`
- Freedom House. Հայաստանում Ժողովրդավարական կառավարման վարկանիշը նվազել է
- ՔՊ-ի նախընտրական նվիրատվությունների կասկածելի գործարքներն ու ֆինանսների անհայտ ծագումը
- «Ժողովուրդ». Ովքեր են ՔՊ-ի դրամահավաք-երեկոյի նվիրատուները. Ով է ավելի քիչ գումար հանգանակել
- Վարչապետի աշխատակազմը և նախարարությունները տասնյակ միլիոնների գնումներ են կատարում Խաչատուր Սուքիասյանի ընկերությունից
- Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ
- Այն, ինչ այսօր տեղի ունեցավ Ալավերդի համայնքում, իշխանության զավթում է.Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում