«Ոչ ոք չի պատրաստվում վնասել այսօրվա բուհական ու գիտական համակարգը»․ Անդրեասյանը՝ ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի քննարկմանը
Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում այսօր ներկայացվել է ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգը, որի կառուցումը նախատեսված է «Հայաստանի Հանրապետության կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով: Ակադեմիական քաղաքը լինելու է համալսարանական և հետազոտական կամպուս՝ անհրաժեշտ բոլոր ենթակառուցվածքներով, որն ապահովելու է որակյալ և միջազգային չափանիշներով մրցունակ բարձրագույն կրթության և հետազոտության միջավայր:
Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հայեցակարգի հանրային շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող գերմանական «Ջիէմփի ինթերնեյշնլ ՋիէմբիԷյջ արքիթեքթս ընդ էնջինիերս» /gmp International GmbH Architects and Engineers/ ընկերության նախագծային խումբը՝ փոխտնօրեն Թոբիաս Քեյլի գլխավորությամբ, ՀՀ բուհերի ղեկավարներ, շահառու տարբեր կառույցների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Ողջույնի խոսքում նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է, որ ակադեմիական քաղաքի ստեղծումը Կառավարության այս պահի ամենախոշոր ծրագիրն է բարձրագույն կրթության և գիտության համակարգում:
«Ակադեմիական քաղաք» ծրագիրն առանձին քննարկվելու է բուհերում և գիտական կենտրոններում
«Ծրագրի բովանդակային բաղադրիչը ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրով ամրագրված բուհերի խոշորացման և գիտահետազոտական ինստիտուտների հետ միավորման գործընթացով է պայմանավորված: Ակադեմիական քաղաքը լինելու է այն միջավայրը, որտեղ գործելու են բուհերն ու գիտահետազոտական կազմակերպությունները»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ շեշտելով, որ ծրագրի շուրջ քննարկումները նոր են սկսվում, և առաջիկայում նախատեսվում են առանձին քննարկումներ բուհերի ու գիտական կենտրոնների հետ:
«Մեր բուհական և գիտական հանրույթի ներկայացուցիչներն ընդգրկված են աշխատանքային խմբերում, որոնք քննարկելու են տարբեր ուղղությունների հայեցակարգային առաջարկները: Կոչ եմ անում ակտիվ մասնակցություն ունենալ, քանի որ որակյալ որոշումները կարիք ունեն մասնագիտական քննարկումների»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը:
Բուհերն այսօր ֆինանսապես կախված են ուսման վարձերից
Անդրադառնալով բուհական համակարգի խնդիրներին՝ նախարարը նշել է՝ 2006 թվականից բուհական համակարգում ուսանողների թիվը կրճատվել է ավելի քան 32 տոկոսով: Ըստ նախարարի՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ բուհերը մեծապես կախված են ուսման վարձերից՝ որպես ֆինանսավորման աղբյուր, ինչը շատ հաճախ բացասաբար է անդրադառնում կրթության որակի վրա:
«Բուհական համակարգի արմատական վերանայումն այլընտրանք չունի: Կառավարությունը զուգահեռաբար սկսել է գիտական համակարգի էական ֆինանսավորման ավելացում և մի շարք գործիքակազմեր է ներդրել՝ խրախուսելու գիտաշխատողների, հետազոտությամբ զբաղվողների թվի աճը՝ հատկապես նպաստելով ոլորտում երիտասարդ գիտնականների ներգրավմանը»,- ասել է նախարարը՝ ընդգծելով այդ գործընթացում բարձրագույն կրթության որակի բարելավման կարևորությունը:
Առանց հետազոտական բաղադրիչի ընդլայնման բարձրագույն կրթության որակի բարելավում չի կարող լինել
Բարձրագույն կրթության որակի բարելավումը, ինչպես Ժաննա Անդրեասյանն է նշել, առանց հետազոտական բաղադրիչի ընդլայնման անհնար է պատկերացնել. «Այս երկուսի փոխկապակցումը, մի հովանոցի տակ մեկտեղելը մի կողմից բերելու է գիտության ոլորտում երիտասարդ գիտնականների խողովակի ձևավորման, սերնդափոխության ինստիտուցիոնալ մեխանիզմի գոյության, մյուս կողմից բարձրացնելու է բարձրագույն կրթության որակը: Եվ ոլորտի ֆինանսավորման ծավալները ևս կարող են էապես աճել շատ ավելի բարձր արդյունավետությամբ»:
Ժաննա Անդրեասյանն ընդգծել Է՝ պետության կողմից խրախուսվող այս քաղաքականությունը չի կարող լինել միայն Կառավարության ծրագիր. սա պետք է լինի բոլորի՝ բուհերի, գիտական կառույցների ծրագիրը. «Այս դժվարին ճանապարհը միասին ենք անցնելու, որպեսզի հաջողություն ունենանք»,- համոզմունք է հայտնել նախարարը:
Ակադեմիական քաղաքը կլինի մտավոր ու մշակութային ժամանցի համար նախատեսված նոր միջավայր
ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, ներկայացնելով ակադեմիական քաղաքի հիմնական նպատակը, նշել է, որ այն լինելու է ոչ միայն ուսումնական ու գիտական տարածք, այլև մտավոր ու մշակութային ժամանցի համար նախատեսված միջավայր, որը պետք է գործի 24-ժամյա ռեժիմով: Սարգիս Հայոցյանի գնահատմամբ՝ ակադեմիական քաղաքը, մի կողմից իր շուրջն է համախմբելու բարձր տեխնոլոգիական մասնավոր կազմակերպություններին, մյուս կողմից դառնալու է հիմք՝ նոր կազմակերպությունների ստեղծման համար:
Գլխավոր նպատակը միջազգային չափանիշներով մրցունակ բուհական համակարգ ունենալն է
Ամփոփիչ խոսքում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ նախագծման գործընթացում իրականացվող մանրակրկիտ ու որակյալ աշխատանքն ամբողջությամբ տալիս է այն վստահությունը, որ նույն կերպ շարունակելու դեպքում որակյալ կրթական միջավայր ենք ունենալու:
«Այս փուլում հարցերը, մտավախություններն ու անորոշությունները շատ են, և դա հասկանալի է: Դրանք չեն կարող չլինել, որովհետև գործ ունենք շատ մեծ ծրագրի հետ և այս պահին մենք չունենք բոլոր հարցերի պատասխանները: Սա մի աշխատանք է, որի ընթացքում մենք նաև սովորում ենք: Այդուհանդերձ, շատ կարևոր է վստահությունը, որ մենք ունենք վերջնակետի և ընտրված թիրախների նկատմամբ: Ժամանակակից բուհական միջավայրը և որակյալ կրթությունն ուսանողի համար անհրաժեշտ փորձառություն են, որն այսօր չենք կարողանում ապահովել: Եթե ունենք ավելի մեծ հավակնություններ արտերկրի բուհերի հետ մրցակցության առումով, ապա այս փոփոխություններն այլընտրանք չունեն»,- ասել է ԿԳՄՍ նախարարը:
Անդրադառնալով հանրային տիրույթում «Ակադեմիական քաղաք» ծրագրին առնչվող տարաբնույթ մեկնաբանություններին՝ Ժաննա Անդրեասյանը շեշտել է, որ գլխավոր նպատակը միջազգային չափանիշներով մրցունակ բուհական համակարգ ունենալն է:
«Ոչ ոք չի պատրաստվում վնասել այսօրվա բուհական ու գիտական համակարգը. կարիք չկա դավադրություն փնտրել այնտեղ, որտեղ այն չկա: Կառավարությունը վերջին տարիներին շուրջ 280 %-ով ավելացրել է գիտության ֆինանսավորումը, որն ահռելի ծավալ է: Կառավարությունը միջազգային լավագույն բուհերի առաջին 500-յակում առնվազն 4 բուհ ունենալու թիրախ է սահմանել: Սա նշանակում է՝ որպես պետություն մենք պետք է ջանքեր ներդնենք բուհերը զարգացնելու համար, և այդ նպատակով պետության կողմից ամբողջությամբ ֆինանսավորվող բուհեր ենք ունենալու, որպեսզի կրթության որակը կախված չլինի այլևայլ գործոններից»,- խոսքն ամփոփել է նախարարը՝ ընդգծելով, որ որոշումները կայացվում են՝ հաշվի առնելով իրականությունը, հիմնավորումներն ու զարգացման պահանջը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան