Փաշինյան. «Ակադեմիական քաղաք»-ի կոնցեպտի հետ կապված մակրոհարցեր այլևս չկան
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են «Ակադեմիական քաղաք»-ի գլխավոր հատակագծին և տրանսպորտային ենթակառուցվածքներին վերաբերող հարցեր:
Խորհրդակցությանը մասնակցել են «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները, Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագիծը նախագծող gmp International GmbH Architects and Engineers ընկերության փոխտնօրեն Թոբիաս Քեյլը, պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներ:
Թոբիաս Քեյլը ներկայացնելով գլխավոր հատակագիծը, նշել է, որ հիմնական քաղաքներից հեշտությամբ՝ 2 ժամում, կարելի է հասնել Ակադեմիական քաղաք, քանի որ վայրի առումով տեղանքը բավականին լավն է՝ մոտ է և՛ օդանավակայանին, և՛ Հյուսիս-Հարավ մայրուղուն:
Թոբիաս Քեյլն ընդգծել է, որ նախագծի շրջանակում ուսումնասիրվում է նաև կայունության թեման, որովհետև Ակադեմիական քաղաքն ապագայի համար է և այն պետք է կենտրոնացած լինի այնպիսի թեմաների վրա, որոնք վերաբերում են ոչ միայն այսօրվան, այլ նաև վաղվան:
Փաշինյանի խոսքով, քաղաքի կոնցեպտի հետ կապված մակրոհարցեր այլևս չկան և պետք է անդրադառնալ հայեցակարգային կետերին. «Տեսլականի առումով մենք գործնականում պրոցեսի ամեն քայլը, ամեն շարժը տեսել ենք: Հարցեր ունեցել ենք, վերապահումներ չենք ունեցել: Իհարկե, սա այն է, ինչ մենք ուզում ենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաև տրանսպորտային և ճանապարհային ցանցի, տրանսպորտային այլընտրանքային միջոցների տեխնիկատնտեսական վերլուծության իրականացման ձևաչափի հարցը, անդրադարձ է կատարվել քաղաքաշինական զարգացման և գույքի կառավարման մոդելի մշակման ընթացակարգերի հետ կապված թեմային:
Տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման թեմայի հետ կապված՝ Փաշինյանն անդրադարձել է «Սասունցի Դավիթ» կայարանից երկաթուղով դեպի Ակադեմիական քաղաքի հատված կատարած շրջայցին:
«Իմ տպավորությունը, անկեղծ ասեմ, այսօրվա գոնե առաջին հատվածից ես չէի սպասում, որ մենք հիմա կգնանք և կես ժամում կհասնենք այնտեղ»- նշել է Նիկոլ Փաշինյանը և հավելել, որ տրանսպորտային ենթակառուցվածքների ճշգրիտ մոդելավորման համար անհրաժեշտ է մոդելավորել այն միջին վիճակագրական մարդուն, ով մնալու է Ակադեմիական քաղաքում և ով ամեն օր գալու է և գնա:
Հանդիպմանը քննարկվել են նաև այն աշխատանքների շրջանակը, որոնք արդեն իսկ կարելի է մեկնարկել: Նշվել է, որ Ակադեմիական քաղաքի գլխավոր հատակագծի հաստատումից հետո, հաջորդիվ կմեկնարկեն երկաթուղու և մշակութային հատվածի նախագծման աշխատանքները: