Եթե առաջնորդվում ենք ԽՍՀՄ քարտեզներով, հայկական կողմը պետք է պնդի 1920-ականների քարտեզները. Շանթ Հարությունյան
Այսօր տեղի է ունեցել «Շանթ դաշինք» կուսակցության երկրորդ համագումարը, որի ժամանակ Շահեն Հարությունյանն ընտրվել է կուսակցության նախագահի պաշտոնում՝ առաջիկա երեք տարիների համար։ Նա հայտարարել է, որ կուսակցությունը պատրաստվում է մասնակցել խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին գրում է aravot.am կայքը։
«Մենք կարծում ենք, որ այժմ Հայաստանում պետք է ձևավորվեն ազգայնական գաղափարախոսություն կրող իշխանություններ, որոնք առաջնային պլան կբերեն արժեքների հեղափոխությունը և ադեկվատորեն կմոտենան Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներին։ Գիտակցելով այս ամենի կարևորությունը՝ ցանկանում եմ հիմա հայտնել «Շանթ դաշինքի» մտադրության մասին։ «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել Հայաստանի խորհրդարանական հաջորդ ընտրություններին։ Ընտրությունները կլինեն հերթական, կլինեն արտահերթ, մենք պատրաստվում ենք մասնակցել հաջորդ պառլամենտական ընտրություններին։ Այս ընտրապայքարում մեզ կառաջնորդի Շանթ Հարությունյանը»,- ասել է Շահեն Հարությունյանը։
Համագումարում կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը հայտարարել է, որ «Նիկոլ Փաշինյանը դավաճան է»։
«Այն, որ ինքը դավաճան է, դա միանշանակ է։ Միայն այն փաստը, որ ինքը նոյեմբերի 9-ին ստորագրել էր կապիտուլյացիան եւ որպես արդարացում՝ ասել, որ եթե ես դա չստորագրեի, 25 հազար զինվոր շրջապատման մեջ էր մնալու, նման հայտարարությունն արդեն պետական դավաճանություն է։ Աշխարհի որեւէ պատերազմող երկրում պետության ղեկավարը նման հայտարարություն չի անում, դա բարոյալքող հանցագործություն է, որովհետեւ պատերազմի ժամանակ ամեն իրավիճակ էլ լինում է։ Այսինքն՝ իր արարքը ոչ միայն բարոյական դաշտում է եղել դավաճանություն՝ իր խայտառակ կապիտուլյացիան ստորագրելով ու փորձելով հիմնավորել, այլ ինքը դավաճանության իրավական հնարավորություն է ստեղծել։ Աշխարհում սեփական ժողովրդին վախեցնողն ինքն արդեն հանցագործություն է կատարում։ Նորմալ պետությունները երբեք չեն մասնակցում թշնամու կողմից քարոզվող հոգեբանական դիվերսիային կամ պատերազմին։ Նիկոլը, սեփական ժողովրդին վախեցնելով, արդեն իսկ պետական հանցագործություն է գործում»,- aravot.am-ի հաղորդմամբ, ասել է Շանթ Հարությունյանը։
Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանը «պատմական և իրական Հայաստան» թեզով կեղծ օրակարգ է թելադրում։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարություններին, որ համաձայնեցված քարտեզ չկա Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատում-սահմանագծում իրականացնելու համար, Շանթ Հարությունյանն ասել է․ «Ասում է՝ մի քարտեզ չկա, որով ամբողջ սահմանը կճշտվի։ Ասում է՝ այսինչ թվի քարտեզով այս մի գյուղն է ադրբեջանցունը, մյուս թվի քարտեզով՝ այն երկու գյուղն է ադրբեջանցունը, այսինք՝ միասնական քարտեզ չկա։ Մեր պետական քաղաքականության տրամաբանությունն ամբողջապես պետք է փոխվի, սա դավաճանական քաղաքականություն է, անկախ նրանից, թե նրա դավաճանությունը որտեղ մեծ կորուստներ կբերի, որտեղ՝ փոքր կորուստներ, միեւնույն է, տրամաբանությունն է սխալ ու դավաճանական։
Ես առաջարկում եմ հետևյալը՝ Լենին-Քեմալ պայմանագրով Հայաստանը մասնատեցին, ավելի քան 60 հազար քկմ տարածքի մի մասը տվեցին Թուրքիային ու Ադրբեջանին, մյուս մասը մնաց բոլշևիկացած Հայաստանին։ Ես առաջարկում եմ, որ եթե առաջնորդվում ենք ԽՍՀՄ քարտեզներով, հայկական կողմը պետք է պնդի 1920-ականների քարտեզները։ Այդ ժամանակ Հայաստանն ավելի քան 30 հազար քկմ է եղել։ Մենք պետք է ելակետ վերցնենք 1920-1921 թվականների քարտեզները, պետք է հայտարարել, որ բոլշևիկները եկել գրավել են Հայաստանը, օկուպացիա է եղել։ Սովետական Հայաստանը, որը 31,5 հազար քկմ է եղել, դրա վրա պետք է հենվենք:
Ամեն ազատասիրական գործողության համար Մոսկվան մեզ պատժել է՝ մեկ տարածք պոկելով։ Ես չեմ խոսում Ղարաբաղի մասին, Նախիջևանի մասին, ասում եմ՝ բուն Սովետական Հայաստանի տարածքը 31,5 հազար քկմ է եղել»։
Մանրամասն՝ սկզբաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Ռուբեն Քոչարը կասկածներ ունի՝ Երվանդ Քոչարի թանգարանում կան գործեր, որոնք կեղծիք են. փաստաբան