Թուրքիայում նշել են ճոպանուղու վթարի հնարավոր պատճառը
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչն այսօր հայտարարել է, որ իշխանությունները ձերբակալել են 13 մարդու՝ Թուրքիայում ճոպանուղու վթարի հետաքննության շրջանակում։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Ըստ պաշտոնյայի, ենթադրվում է, որ վթարի պատճառը մետաղական կառույցների կորոզիան է եղել։
Փրկարարներն այսօր ավարտել են Թուրքիայի Անթալիա քաղաքում ճոպանուղու վթարի հետևանքով օդում մնացած 174 մարդկանց տարհանումը: Մարդիկ այնտեղ անցկացրել են գրեթե մեկ օր։
Թուրք նախարարը պարզաբանել է, որ միջադեպը հանգեցրել է մեկ մարդու մահվան, ընդհանուր առմամբ 17 մարդ վնասվածքներ է ստացել։ Արդարադատության նախարարը «X» սոցիալական ցանցում գրել է, որ նախնական ստուգման արդյունքներով պարզվել է, որ ճոպանուղին շահագործող ընկերությունը արտակարգ իրավիճակների դեպքում տարհանման ծրագիր չի ունեցել։
«13 անձի կալանավորման որոշում է կայացվել։ Նրանց թվում են գործող ընկերության, ինչպես նաև համակարգի պահպանման համար պատասխանատու ընկերության աշխատակիցներ»,- գրել է նախարարը։