Խնդիրը ոչ թե ծառերի և ծառատեսակների մեջ է, այլ համակարգային է․ էկոկենտրոնի տնօրեն
Երևան քաղաքը էկոլոգիական բազմաթիվ խնդիրներ ունի, որոնցից ամենատեսանելին թերևս կանաչապատումն է։ Վերջին շրջանում ամենից շատ քննարկող խնդիրներից է՝ ծառահատումները, նոր տեսակների ընտրությունն ու փոխարինումը։ Այս թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցել է ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Լիլիթ Սահակյանի հետ։
Սահակյանը նախ նշեց՝ հարցը ոչ այնքան ծառերի և ծառատեսակների մեջ է, այլ համակարգային խնդիրների։
«Յուրաքանչյուր անգամ որոշումներն ընդունվում են անորոշության պայմաններում, այդ թվում՝ ծառերի հարցում։ Մենք աչքաչափով նայում ենք ու ասում՝ այս ծառը լավը չէ, կտրեցինք։ Մինչդեռ քաղաքային տարածքների կառավարումն՝ ուրբանիստիկան, լուրջ գիտություն է, որի մեջ մտնում է նաև կանաչապատումն ու էկոլոգիան։ Եթե չկա միասնական համակարգ, յուրաքանչյուր անգամ մեկ ծառի համար հասարակությանը խառնելու ենք իրար և կայացնելու ենք սխալ, անհիմն և ոչ փաստահեն որոշում՝ ելնելով այսօրվա որոշում կայացնողի ճաշակից ու գրագիտության աստիճանից»,- ասաց Սահակյանը։
Էկոկենտրոնի ղեկավարն այն համոզմանն է, որ նախ և առաջ անհրաժեշտ է իրականացնել ծառերի գույքագրման և անձնագրավորման աշխատանքներ։
«Յուրաքանչյուր ծառի համար որոշում կայացնելուց առաջ կնայեինք ծառի անձնագրի ինֆորմացիային։ Եթե ծառը երեք տարի հետո ենթակա է փոխարինման, ուրեմն կողքը նորը պետք է տնկել՝ կրկին փաստարկված,թե ինչ տեսակ ենք բերելու, որը երեք տարիների ընթացքում կհասներ փարթամանալ, հետո հինը կկտրեինք։ Այսինքն՝ երկար տարիներ չենք կարողանում հասնել խնդրին համակարգային լուծումներ տալուն, դրա համար ունենք այն, ինչ ունենք։ Մինչ ծառերի փոխարինման աշախատանքներ իրականացնելը, պետք է արվեն աշխարհում ընդունված ձևերով նորմալ հետազոտություններ։Դրանք հնարավոր է իրականացնել սարքավորումների միջոցով, որոնք պետք է ձեռք բերել և հասկանալ,թե որ ծառը կենսունակ է․ թե՝ ոչ կամ գուցե ծառը ներքին ռեսուրս ունի և ճիշտ բուժելու, խնամքի պայմաններում դառնա նորից միավոր։ Այսինքն՝ փոխանակ առաջնորդվենք աշխարհում ընդունված մեթոդներով, գնում ենք անտրամաբանական, ոչ մի դաշտում չտեղավորվող որոշումների հետևից։ Էկոլոգիական խնդիրներն այն է, որ չենք ունենալու պրիմիտիվ կանաչապատման ֆունկցիաները, որն ընդունված է Երևանի նման կիսաանապատային գոտում տեղակայված քաղաքի համար՝ աննախադեպ շոգերի, քամիների և մյուս բիոֆիլտրացիոն ֆունտկիաների դեպքում»,- նշեց մեր զրուցակիցը։
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք լսել հղմամբ։