Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել
«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ և վարողներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումները վիճարկվել են Վերաքննիչ դատարանում։
«Բողոքներն արդեն ներկայացրել ենք ու սպասում ենք որոշումներին։ Օր դեռ չգիտենք, թե այդ որոշումը երբ կլինի»,- փոդքասթի 91-րդ թողարկման ընթացքում հայտարարեց փասաբան Արսեն Բաբայանը, որը ներկայացնում է Վազգեն Սաղաթելյանի շահերը։
Նա նշեց՝ չի նախատեսվում, որ կլինի բանավոր դատական քննություն, չնայած փաստաբանները նման միջնորդություն են ներկայացրել։
«Մենք նման միջնորդություն ենք ներկայացրել, որպեսզի մեր ասելիքը ավելի հասկանալի, ավելի մատչելի կարողանանք դահլիճում ասենք։ Բայց որպես կանոն 97-98 տոկոս դեպքերում մերժվում է։ Պրակտիկան ցույց է տալիս, որ կալանքի դեմ բողոքների մասով որոշումների կայացումը տևում է 25-30 օր, քանի որ օրենքով նախատեսված ընթացակարգեր կան»,-ասաց Բաբայանը։
Փաստաբանն ընդգծեց՝ այս գործով շատ վտանգավոր բան կա, քանի որ քննչական մարմինը, դատախազությունը ու դատարանը ստանձնել են օրենսդիր ու գործադիր մարմինների դերը։
«Ես ասացի՝ ստացվում է, որ քննչականը գործադիր մարմինն է, հարգարժան դատարան, դուք էլ Ազգային ժողովն եք, քանի որ եթե հիմա տալիս եք կալանավորման թույլտվություն, քրեականացնում եք ծանր վիրավորանքը, որը վաղուց ապաքրեականացված է»,-ասաց Բաբայանը։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանն էլ ընդգծեց, այն արարքը, որի համար Սամսոնյանին ու Սաղաթելյանին ձերբակալել են, ապա կալանավորել, ապաքրեականացված է 2022-ին։
«Հիմա նույն արարքի անունը դրել ենք խուլիգանություն, սա դասական դեպք է, որ ոչ հանցավոր արարքի համար մարդիկ նստած են։ Ընդ որում, քննչականը Նարեկի ու Վազգենի մասնակցությամբ որևէ գործողություն չի իրականացրել»,-ասաց Մելիքյանը։
Հիշեցնենք, որ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել են մարտի 22-ին և կալանավորվել են երկու ամիս ժամկետով փոդքասթի 83-րդ թողարկման ընթացքում Նիկոլ Փաշինյանի հանձնողական քաղաքականության վերաբերյալ սուր գնահատականներ հնչեցնելու համար:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան