Նարեկ Սամսոնյան. Մեր երեխաները հպարտությամբ են կրելու մեր ազգանունները, իսկ դրանց սերունդները հրաժարվելու են իրենց կենսաբանական ծնողներից
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյան «Արմավիր» ՔԿՀ-ից հրապարակել է նամակ՝ անդրադառնալով Նարեկ Մալյանի դատավճռի և Արմեն Աշոտյանի խափանման միջոց կալանքը երկարացնելուն։
«Իմ երկու քաղբանտարկյալ ընկերների՝ Նարեկի և Արմենի նկատմամբ սկիզբ առած քաղաքական հետապնդումները շարունակվում են, և զարմանալի չէ, որ Արմենի խափանման միջոց կալանավորումը երկարացվեց, իսկ Նարեկի նկատմամբ մեղադրական դատավճիռ կայացվեց ռեժիմի «դատավորների» կողմից։ Առավել քան վստահ եմ, որ թե՛ Արմենի, թե՛ Նարեկի համար տեղի ունեցածն անակնկալ չէր, բայց նաև վստահ եմ, որ երկուսի համար էլ ցավալի էր առերեսվել Հայաստանի արդարադատության համակարգի վախճանի հերթական արարին։
Մեր երկրում արդարադատությունը մահացել է, բարոյականությունը հավիտյանս լքել է ռեժիմի սպասարկու բոլոր կառույցներում աշխատող «տուն պահող» կենսաբանական զանգվածների մարմինները։ Սրանք հայրենիք և սրբություն չունենալուն զուգահեռ նաև չունեն ամենակարևորը՝ սրանք ամոթ չունեն։ Ամոթ չունեն ճիշտ այնպես, ինչպես ամոթ չունի ռեժիմի պարագլուխը, որին հաջողվել է իր շուրջբոլորը հավաքել գարշահոտությամբ բուրող կամակատար անամոթներին։
Վստահ եմ, որ այս ամենի վերջը մի օր գալու է, և բոլոր անամոթ և անսկզբունք կամակատարները կանգնելու են հանրության, պատմության և օրենքի առջև։ Մենք այդ ժամանակ գլուխներս բարձր նայելու ենք նրանց աչքերին, մեր երեխաները հպարտությամբ են կրելու մեր ազգանունները, իսկ դրանց սերունդները հրաժարվելու են իրենց կենսաբանական ծնողներից։
Ոչ ոք չի մոռացվում, ոչինչ չի մոռացվում…
Ազատություն քաղբանտարկյալներին»։
Հարակից հրապարակումներ`
- Իրավապաշտպան ՀԿ. Սամսոնյանն ու Սաղաթելյանը ոչ միայն քաղբանտարկյալ են, այլև խղճի բանտարկյալներ
- Ազատություն քաղբանտարկյալներին. Քաղաքական զբոսանք Երևանի կենտրոնում
- Դատարանը Նարեկ Մալյանին ազատազրկեց 1 տարի ժամկետով
- Աշոտյանը ևս 3 ամիս կմնա կալանքի տակ
- Ազնավուրի հրապարակում հավաքվածները ծափերով համերաշխություն հայտնեցին Սամսոնյանին ու Սաղաթելյանին