Գյուղատնտեսությունն արդեն կործանված է, չկա, սա արդեն վերջին շտրիխներն են. Աշոտ Հարությունյան
2024թ-ին Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերությունը դուրս է եկել և, ըստ կառավարության, ապահովագրական ընկերությունները չեն կարողանում ստանձնել ապահովագրական ռիսկերն ամբողջությամբ։ Վերջին հերթական նիստում կառավարությունը որոշեց յուրաքանչյուր ապահովագրական ընկերությանը փոխհատուցել նրա կողմից ընդհանուր հավաքագրված ապահովագրավճարի հանրագումարի 70 %-ի չափը գերազանցող՝ տնտեսվարողներին փոխհատուցված ապահովագրական հատուցումների 80 %-ը։ Հատկանշականն այն է, որ գործադիրը որոշեց ապահովագրել դեղձը, սալորը, խնձորը, բալը, կեռասը, ձմերուկը, սեխը և կարտոֆիլը կարկուտի ռիսկից, իսկ հացահատիկային մշակաբույսերը՝ ցորենը, գարին և վարսակը՝ երաշտի ռիսկից: Ապահովագրվածների ցանկից դուրս է թողնվել երկու հիմնական պտուղներ՝ ծիրանը և խաղողը, որոնք նախորդ տարի ընդգրկված էին ապահովագրվող մշակաբույսերի ցանկում։
Հիմնահարցի շուրջ Panorama.am-ը զրուցեց գյուղատնտես, նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ։
«Ինքնին այդ որոշումն է սխալ, որովհետև փորձարկվող ծրագիրը, որպես այդպիսին, արդեն մի քանի տարի փորձարկվում ր և դրա հիմնական նպատակն այն էր, որ գտնեին ճիշտ մեխանիզմներ, գործիքակազմ, որպեսզի տարեց-տարի թերությունները վերացնեին, կայունացնեին այդ համակարգը, կարողանային աշխատեցնել այն։ Բայց հակառակն է ստացվել՝ այսօրվա դրությամբ ոչ թե թերություններն են վերացրել կամ ուժեղացնում են, որպեսզի համակարգն աշխատի, այլ՝ հակառակը։ Չնայած՝ գյուղատնտեսությունն արդեն կործանված է, չկա, սա արդեն վերջին շտրիխներն են իրավիճակն ավելի վատացնելու։
Խնդիրն այն է, որ երկու ամենակարևոր մնշակաբույսերը՝ ծիրանը և խաղողը, որոնք մեր կոնյակագործության և գինեգործության հայկական բրենդն են, հանված է ցանկից ընդհանրապես, ոչ մի ձևով չեն ապահովագրվում, չի սուբսիդավորվում։
Նշանակում է, որ կոնյակագործությունը, գինեգործությունը, երբ այդքան փողոցներում խմում, միջոցառումներ են անում «զարգացման համար», այլ նպատակ է հետապնդում։ Էլ չեմ ասում ծիրանի մասին, որը մեր հայկական խորհրդանիշներից մեկն էր և ամեն բան պետք է արվեր, որ այն մնար որպես հայակակն բրենդ, հայկական ծիրան։
Զուտ տնտեսական առումով պետք է ասել, որ խաղողագործությունը լուրջ ներդրումներ, ծախսեր պահանջող ճյուղ է, որը հոգացության, առավել ևս՝ այս պահին ֆինանսական աջակցության խնդիր ունի, որովհետև եկամուտ գրեթե չի ապահովում և այգիները քանդում են։ Նույնն էլ կարելի է ասել ծիրանի մասին։
Մյուսն այն է, որ բուսաբուծության զարգացման այդ ծրագրով, իբր թե նոր մշակաբույսեր պետք է սուբսիդավորեին, որում ներառված էր սիսեռը և ոլոռը։ Այդ մշակաբույսերը նույնպես չկան ցանկերում, բացառված են, իսկ եղածներն էլ դրել են միայն կարկտահարության տակ։ Այսինքը, կարտոֆիլը, որը համարվում է «երկրորդ հացը» և ունենք մեծ խնդիր, պետք էր ապահովագրել գոնե նաև ցրտահարությունից, որովհետև մինչև մայիս ամիս պետք է ցանքս արվի և եղել են տարիներ, որ մինչև հունիս ամսվա վերջ ուշ գարնանային ցրատահարություններ են տեղի ունեցել և մեծ վնասներ հասցրել ֆերմերներին։ Մասնագիտական անգրագիտության տեսանկյունից է, որ չեն ներառել՝ չհաշված տեխնիկականները։
Ինչ վերաբերում է վարսակին, գարուն և ցորենին, որոնք ապահովագրում են զուտ երաշտի դիմաց, արդեն հետագայում բավականին լուրջ խնդիր է առաջանալու, որովհետև այդ մշակաբույսերը ցանում են հիմնականում լեռնային և նախալեռնային գոտիներում, որտեղ սեզոնին լինում են կարկտահարության մի քանի դեպքեր։ Այս պայմաններում դրանք հանում են ապահովագրման ծրագրից։
Այսինքը՝ այն, ինչը որ պետք է տային գյուղացուն որպես օգուտ, որպեսզի գյուղացին մեջքն ուղղի, մեր պարենային անվտանգության խնդիրներն կարգավորի, այդ ռիսկերն հանված է։ Նաև այս գլխից նշեմ, որ վաղը խնդիր է լինելու երաշտի ձևակերպման հետ կապված։ Այսինքը՝ որպես այդպիսի խնդիրներ են առաջանալու, քանի որ երաշտի բնութագիրները տարբեր ձև են մեկնաբանվում։ Կգա օրը, բարին հետը, աստված չանի՝ երաշտ լինի, բայց որ եղավ՝ կսկսեն արդեն տերմինաբանության հետևից ընկնել, որպեսզի դա էլ այդտեղ մերժեն»,-ասաց Աշոտ Հարությունյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Ժողովո՛ւրդ ջան, կարող է դուք պետք է գնաք նստեք, ասեք՝ վայ կարկուտ ջան արի, կարկուտ ջան արի, մեք էլ դրա համար պետք է վճարենք». Նիկոլ Փաշինյան
- Գյուղացուն ոչնչով չեն օգնում, դրա համար էլ անասնագլխաքանակը պակասում է. Աշոտ Հարությունյան
- Այս տարի պարենային ապահովվածությունը ցորենի գծով իջնելու է 20 %-ից էլ ներքև, ինչը մարտահրավեր է. Աշոտ Հարությունյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան