Տոկաև. Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին
«Չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալների շարունակական աճին, Հայաստանի և Ղազախստանի միջև առկա է դեռևս չիրացված ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, խթանելու ներդրումները, զարգացնելու ենթակառուցվածքային կապերն ու առևտուրը: Այս առումով ողջունում ենք ղազախստանյան գործարար առաքելության՝ վերջերս Հայաստան կատարած այցը»,- ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարության ժամանակ նշել է Նիկոլ Փաշինյանըէ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով, Ղազախստանի նախագահի հետ քննարկել են նաև կրթական, մշակութային, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում փոխգործակցության առկա հեռանկարները, ինչպես նաև ապակենտրոնացված համագործակցության հնարավորությունները:
«Ուրախությամբ պետք է փաստեմ, որ քննարկվում է փոխադարձության սկզբունքով Աստանայում հայ գրերի գյուտի հեղինակ սուրբ Մեսրոպ Մաշտոցի անվան պուրակի և Երևանում ղազախ բանաստեղծ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի անվան պուրակի հիմնումը»,-ասել է Փաշինյանը։
Ղազախստանի նախագահի հետ հանդիպմանն անդրադաձ է եղել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման հետ կապված իրավիճակին։
«Գործընկերոջս ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով Հայաստանի կառավարության՝ տարածաշրջանում կայուն և տևական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա: Դրանք են՝ Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքում 1991 թվականի դեկտեմբերի 21-ին ընդունված հռչակագրի դրույթների հիման վրա տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և Հայաստան-Ադրբեջան սահմանազատման գործընթացի իրականացումը, ինչպես նաև տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության հարգման, փոխադարձության ու հավասարության սկզբունքների հիման վրա։ Վերջինիս համատեքստում անդրադարձել ենք Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որի կյանքի կոչումը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում»,-նշել է նա։
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ իրեն Հայաստան հրավիրելու և հյուրընկալության համար:
«Մենք հետաքրքրված ենք Հայաստանի հետ համակողմանի գործընկերության հետագա զարգացմամբ, և այդ առումով այսօրվա այցն ինձ համար հատուկ նշանակություն ունի: Բանակցությունները Նիկոլ Վովայիի հետ ապացուցում են այն, որ մենք հետաքրքրված ենք պահպանելու ամենաբարձրագույն մակարդակում մեր գործընկերությունը:
Այսօր մենք մանրամասն քննարկեցինք բազմաթիվ արդիական օրակարգային հարցեր: Մենք հասանք կոնկրետ պայմանավորվածությունների:
Վերջին հինգ տարիների ընթացքում երկկողմ առևտրի ծավալն անշեղորեն աճում է, բայց երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ներուժը մինչև օրս լիաարժեք կերպով չի օգտագործվել: Եվ հենց այդ պատճառով մենք նպատակահարմար ենք համարում փոխադարձ առևտրի տեմպերն ավելացնել: Ղազախստանը պատրաստ է Հայաստանի արտահանման ծավալը հասցնել 350 մլն դոլարի նշաձողին»,-ասել է Ղազախստանի նախագահը։
Անդրադառնալով Հարավային Կովկասին՝ նա ողջունել է տրասնպորտային կապերը վերականգնելու մտադրությունը, Փաշինյանի նախաձեռնությունը, որը կոչվում է «Խաղաղության խաչմերուկ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան